Ադրբեջանը փոխել է Թարթառ գետի հունը. էկոլրագրող

«Անկասկած, Սարսանգի ջրամբարի ջրազրկումը աղետալի հետևանքներ է ունենալու Արցախի համար, ինչպես էներգետիկ առումով, որովհետև ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն ապահովում էր Արցախի էլեկտրոէներգիայի 60 տոկոսը, այնպես նաև՝ էկոլոգիական առումով։

Ջրամբարում ամբարված ջուրն Արցախում օգտագործվում էր ոռոգելի տարածքները ջրելու համար, ինչպես նաև աշխատացնում էր ՀԷԿ-ը։ Քանի որ Սարսանգի ջրամբարը կավային շերտով է պատված, այն յուրահատուկ է իր տեսակով, որովհետև ձմռանը չի սառում և հնարավորություն է տալիս ջրամբարն օգտագործել տարվա բոլոր եղանակներին՝ ամառ-ձմեռ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է էկոլրագրող Նարինե Կիրակոսյանը։

Բանախոսը նկատում է՝ Սարսանգի ջրերը հավաքվում են, հիմնականում, Քարվաճառի բարձունքներից սկիզբ առնող քաղցրահամ Թարթառ գետից. «Քանի — որ Քարվաճառը նվիրաբերվեց Ադրբեջանին, ապա բոլորովին զարմանալի չէ ջրամաբարի ջրազրկումը։ Թշնամու վերահսկողության տակ անցնելուց հետո, փոխվել է այն սնուցող գետի՝ Թարթառի հունը։

Նույնիսկ արբանյակային քարտեզների վրա է երևում, որ Արցախ մտնող գետերի վրա գործողութուններ են կատարվել։ Էլ չասեմ այն մասին, որ երբ մեկ տարի առաջ ես այցելեցի այդ հատվածներ, ինքս տեսա, թե ինչպես է ադրբեջանական կողմը ծանր տեխնիկա տեղափոխում դեպի Չարեքթաթ գյուղի ուղղությամբ»։

Էկոլրագրողը պատմում է՝ ականատես է եղել ադրբեջանական կողմից ծանր տեխնիկայի տեղափոխմանը, ահազանգ է հնչեցրել, որ դա կարող է արվել հենց Քարվաճառում գտնվող և դեպի Արցախ մտնող գետերի հունը փոխելու համար.

«Ես, դեռևս, այն ժամանակ Արցախի բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Բաբայանին զգուշացրի, որ Արցախը կարող է էկոլոգիական լուրջ խնդրի առաջ կանգնել, որովհետև համապատասխան աշխատանքներն, արդեն իսկ, սկսված են։

Սակայն ինձ ասեցին, որ դա բավականին ծախսատար պրոցես է և, դժվար թե, Ադրբեջանը հանձն առնի՝ գնալու այդ ճանապարհով։ Ինչպես ժամանակը ցույց տվեց, ադրբեջանական կողմից ոչինչ բացառել պետք չէր, նրանք, նույնիսկ, թունելներ փորեցին մեր քաղաքներն իրար կապելու համար»։

Ինչ վերաբերում է դեպի Արցախ մտնող գետերի հունի փոփոխությանը, Նարինե Կիրակոսյանը նկատում է՝ դա արվում է ջրային պաշարները դեպի իրենց սակավաջուր տարածքներ ուղղելու համար.

«Մասնավորապես, Գանձակը ջրային պաշարների հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Դա տափաստանային գոտի է, որտեղ խմելու ջրի խնդիր կա, իսկ մեր լեռներից սկիզբ առնող մաքրամքուր գետերը, հիմնական մասով հենց այդ նպատակի համար են ծառայում։ Թարթառի հունը փոխվել է դեպի այդ հատվածներ ջրային պաշարներն ուղղելու նպատակով»։

Էկոլրագրողն պատմում է՝ դեպի Արցախ մտնող գետերի ստրատեգիական կարևորությունն ընդգծելու համար բավական է հիշել, թե ինչպիսի ռազմական հատուկ գործողութուններ են իրականացվել դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին, դրանք հայկական կողմի վերահսկողության տակ պահելու համար.

«Դեռևս 1993 թվականին թե՛ Ստեփանակերտից, թե հայաստանյան կողմից, հատուկ նշանակության զորք է ուղարկվել, որպեսզի Սարսանգի ջրամբարի էկոլոգիական հիդրոլոգիական հանգույցներն ազատագրվեն։ Ստացվում է, այն ինչ մենք ժամանակին ծանր գնով ազատագրել էինք, որպեսզի կարողանանք ապահով էներգետիկ համակարգ ստեղծենք Արցախի համար, 2020 թվականին առանց որևէ կրակոցի, անհեթեթ կերպով նվիրաբերվեց թշնամուն, ովքեր միանգամից լծվեցին գետերի հուները փոխելու անթույլատրելի գործընթացին։

Եվ դեռ ադրբեջանական կողմը մեզ մեղադրանք է ներկայացնում, թե, իբր, մենք էկոցիդ ենք իրականացնում և ամիսներ շարունակ, պսևդո էկոակտիվիստների մասնակցությամբ իրականացված շոուի միջոցով փակ է պահում դեպի Արցախ տանող ճանապարհը։ Մինչդեռ ոչ մեկ չի խոսում, թե իրենք ինչ են արել այս ողջ ընթացքում մեր բնության հետ»։

Ամփոփելով զրույցը՝ բանախոսը նկատում է՝ Սարսանգի ջրամբարը, մոտավորապես, 660 մլն. խմ տարողունակություն ունի, որից 550 մլն. խմ-ն օգտակար ջրերի քանական է, իսկ 50 մլն. խմ-ը՝ մեռյալ ջրերի քանական է.

«Եթե ջրամբարի ջուրը սմքի մինչև 50 մլն. խմ, ապա ջրամբարն այլևս օգտագործելի չի լինի ՝ ո՛չ ոռոգման աշխատանքների, ո՛չ, առավել ևս, էլէկտրոէներգիա ստանալու համար։ Այս պահի դրությամբ, մենք չենք տիրապետում հստակ տվյալների, թե որքան խմ է կազմում ջրամբարի ջրազրկումը։

Ինֆորմացիայի միակ աղբյուրը համացանցում տարածված տեսագրությունն է, որտեղ պատկերված է ջրազրկված ջրամբարը։ Ինքս վերջին անգամ մեկ տարի առաջ եմ եղել այնտեղ և արդեն սակավաջրությունը նկատելի էր։ Բացի գետերի հունը փոխելուց, ջրամաբարի ջրազրկման երկրորդ պատճառը տեղումների սակավությունն է եղել։

Եվ, եթե հիմա գնահատելու լինենք Արցախի ջրամատակարաման խնդիրները, պետք է ընդհանուր առմամբ նկատենք, որ հանձնելով Քարվաճառը, հետևաբար նաև Արցախը սնուցեղ ջրային կարևորագույն հանգույցները, Արցախը մնաց հորային խմելու ջրի ռեսուրսների՝ այսինքն արտիզյան ջրերի հույսին»։

Հիմա եթերում