Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ԱԳՆ
29 Նոյեմբերի 2023, 15:10
Ադրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ ուղարկելու նախաձեռնությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից ի վեր Երևանը միջազգային մասնագիտացված կազմակերպություններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, մշտապես բարձրացնում է ԼՂ-ում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։
Դեռևս 2020 թվականի նոյեմբերին Հայաստանը սատարել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Լեռնային Ղարաբաղ փորձագիտական խումբ ուղարկելու նախաձեռնությանը և ներգրավված էր հնարավորինս սեղմ ժամկետներում առաքելության կազմակերպման գործընթացում:
«Սակայն Ադրբեջանը շարունակաբար արգելափակում է ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու նախաձեռնությունը», — նշել են նախարարությունից և հավելել,- «Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության հարցում հակասում է մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտում գործող բոլոր միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիայի դրույթներին»։
Բացի այդ, ԱԳՆ-ն նշում է, որ Բաքվի դիրքորոշումը խախտում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը, որը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանների և արտեֆակտների դեմ»։