Ադրբեջանը սպառնացել է Արգենտինային՝ նախագահ Ֆերնանդեսի կողմից ադրբեջանական շրջափակումը դատապարտելու համար
12 Սեպտեմբերի 2023, 14:35
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Արգենտինայի դեսպան Մարիանջելես Բելուշիին՝ բողոքելու նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի դիրքորոշման դեմ։
Վերջինս սեպտեմբերի 9-ին Նյու Դելիում G20 լիագումար նիստում իր ելույթի ժամանակ դատապարտել էր Ադրբեջանի շրջափակումը Լաչինի միջանցքում։
Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարության բողոքի նոտան ներկայացվել է Արգենտինայի դեսպանին՝ «Արգենտինայի նախագահի կողմնակալ հայտարարությունների համար»։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ափսոսանք է արտահայտում նման անհիմն կարծիքների համար՝ հիմնված Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող զրպարտչական արշավի վրա, որը խեղաթյուրում է տարածաշրջանի իրողությունները։
Ըստ այդ երկրի՝ այդ հայտարարությունը պարունակում է տերմինաբանություն, որն իրենց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ է։