Ադրբեջանը ստիպված է հաշվի նստել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե արտաքին հենակետեր փնտրել. Ալեքսեյ Անպիլոգով

13 Հոկտեմբերի 2025, 22:30

Քաղաքականություն

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հեռանկարը Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի՝ Դուշանբեում կայացած բանակցություններից հետո։

Փորձագետի կարծիքով՝ անհրաժեշտ է վերականգնել երկրների միջև վստահությունը, որը խաթարվել է Ադրբեջանի գործողությունների հետևանքովգ:

«Այստեղ հարցը միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն, այլ անդրկովկասյան և մերձկասպյան հարաբերությունների ողջ բլոկը։ Դրանք շատ բարդ են։ Օրինակ, Ադրբեջանին դեռ պետք է արդարանալ Իսրայելի հետ Իրանի դեմ տասներկուօրյա պատերազմին մասնակցելու կամ, համենայնդեպս, աջակցելու հարցում, ինչպես նաև Ադրբեջանի տարածքի և, որպես հետևանք, Կասպից ծովի տարածքի օգտագործման համար, օրինակ, Իրանը ռմբակոծող ռմբակոծիչների թռիչքների համար։

Անհրաժեշտ է վերականգնել երկրների միջև վստահությունը, որը մեծապես խաթարվել է Ադրբեջանի գործողություններով: Օրինակ, Ադրբեջանն անթաքույց զենք է մատակարարում Ուկրաինային և իր տարածքն է տրամադրում ռազմական արտադրությունների տեղակայման համար, որոնք, օրինակ, հրետանային զինամթերք են արտադրում Կիևի համար»,- ասել է Անպիլոգովը։

Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը ստիպված է հաշվի նստել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե արտաքին հենակետեր փնտրել։

«Կարծում եմ՝ սա այնքան էլ պարզ գործընթաց չէ, որը կսահմանափակվեր ձեռքսեղմման ձևական ժեստով, որից հետո երկու երկրների հարաբերություններում ցանկացած հարց կլուծվեր:

Կարծում եմ՝ առաջին դեմքերի հանդիպումը, իհարկե, նշանակալի իրադարձություն է, որը ցույց տվեց, որ Ադրբեջանն ու Ռուսաստանի Դաշնությունն ընդհանուր խնդիրներ ունեն: Երկու երկրներն ունեն և՛ ընդհանուր սահման, և՛ ընդհանուր շահեր և՛ Անդրկովկասում, և՛ Մերձկասպյան, և՛ Կասպյան տարածաշրջանում։ Ուստի, կարծում եմ, որ Ադրբեջանը ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ, այլ ոչ թե պարզապես փնտրել որոշակի արտաքին հենակետեր՝ լինի դա Բրիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները կամ որևէ այլ երկիր, որոնք, մեղմ ասած, հեռու են Անդրկովկասից»,- եզրափակել է Անպիլոգովը։