Ադրբեջանը վտանգներ է տեսնում Ռուսաստանի իշխանություններից․ Անդրանիկ Հովհաննիսյան

06 Նոյեմբերի 2023, 22:45

Կարծիք | Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Փաշինյանը ինչ-որ խոստումներ է տվել Ալիևին, որոնք պարտավոր է իրականացնել։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է արևելագետ, միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունեցած թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․

«Եթե խոսում ենք Հայաստանի մասին, պետք է նշենք, որ Թուրքիայի նախագահը՝ Ռեջեփ Էրդողանը, բարձրաձայնել է, թե իբր Հայաստանի վարչապետ Փաշինյանը ինչ-որ խոստումներ է տվել Ալիևին, որոնք պարտավոր է իրականացնել։ Եթե փորձենք հասկանալ, թե ինչ խոստումների մասին կարող է խոսք գնալ, պարզ է դառնում՝ եթե Արցախը արդեն ամբողջությամբ օկուպացված է, խոսքը կարող է գնալ միայն միջանցքի մասին, որը կարևոր դեր է խաղում թյուրքական աշխարհը միավորելու ծրագրում։ Դրա մասին ևս Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները բարձրաձայնել են գագաթնաժողովի ընթացքում։ Նշել են, որ միջանցքը, որը անցնելու է ՀՀ տարածքով, կմիավորի ամբողջ թյուրքական աշխարհը՝ Ստամբուլից մինչև Չինաստան»,- ասել է Հովհաննիսյանը։

Արևելագետի համոզմամբ՝ նույնիսկ Ադրբեջանն է վտանգներ տեսնում Ռուսաստանից․

«Ղազախստանի նախագահ Տոկաևը ի հայտ է բերել մի թեզ, որը կոչվում է թյուրքական աշխարհ։ Կարծում եմ, որ այս թեզը առաջ տանելով՝ թյուրքական պետությունները, հատկապես՝ Կենտրոնական Ասիայում գտնվող թյուրքալեզու պետությունները, փորձում են հակադարձել այսպես կոչված ռուսական աշխարհ ծրագրին, իրենք դրանում իրենց համար տեսնում են վտանգներ, որոնք գալիս են Մոսկվայից։ Իրենք կարծում են, որ Ռուսաստանի իշխանությունները փորձում են իրենց վերահսկողությունը տարածել Կենտրոնական Ասիայում, նաև Ադրբեջանում, որը ևս նախկին խորհրդային պետություն է»,- նշել է Անդրանիկ Հովհաննիսյանը։