Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ուզում. Ալեքսանդր Ցինկեր
02 Սեպտեմբերի 2024, 12:25
Իսրայելում Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը շահագրգռված չէ խաղաղության համաձայնագրի կնքմամբ:
«Ինչու, եթե Հայաստանը ինչ-որ միլիոնավոր դոլարների զենք է գնում Ֆրանսիայից կամ մեկ ուրիշից, դա նման արձագանք է առաջացնում Ադրբեջանում, իսկ այն, որ Ադրբեջանը գնում է միլիարդավոր դոլարներով և դրանից հետո պատերազմ է սկսում Հայաստանի հետ, դա ոչ մեկին չի զարմացնում և նման տագնապ չի առաջացնում։ Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, ապա Սահմանադրությունը փոխում են պետությունները՝ կախված նրանից, թե ինչ են պահանջում այդ պետությունն ու ժողովուրդը։ Ուստի Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի ցանկությամբ Հայաստանը Սահմանադրության որևէ փոփոխություն չի անի։
Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, ապա այն իսկապես երերուն էր աշխատում, իրականում ոչինչ չէր անում, բայց մնացել է Ղարաբաղի բնակիչների հարցը, այնտեղ հարցը փակված չէ։ Այո, նրանք ստիպված են եղել լքել իրենց տները, բայց թե որքանով է դա վերջնական որոշում, ես չգիտեմ, ուստի միանգամայն հնարավոր է, որ Մինսկի խումբը դեռ կարող է ինչ-որ բանի համար անհրաժեշտ լինել», — ասել է Ցինկերը։
Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է ամեն անգամ ավելի ու ավելի մեծացնել իր պահանջները։
«Ամփոփելով այս ամենը՝ ես կասեի հակառակը, որ այս իրավիճակում Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր։ Դա նրանից է, որ հաղթել են վերջին պատերազմը, նրանք հաղթող են։ Եվ հասկանալով, որ իրենք ավելի շատ սպառազինություն, ուժ և այլն ունեն, փորձում են ամեն անգամ ավելի ու ավելի մեծացնել իրենց պահանջները՝ հասկանալով, որ քանի դեռ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմն է ընթանում, իրենք կարող են դեռ ինչ-որ բան կորզել Հայաստանի հետ բանակցություններում։ Ինձ թվում է, որ հենց Հայաստանի ղեկավարությունը գրեթե ամեն ինչ անում է, որպեսզի այդ պայմանագիրը ստորագրվի, բայց ամեն անգամ ավելացնելով Հայաստանի նկատմամբ պահանջները, ադրբեջանական կողմը, ընդհակառակը, այն ավելի ու ավելի է հետ մղում։ Դրա համար էլ ես չզարմացա Ալիևի այդ ելույթից, նա շարունակում է իր հունով, ինչպես և նրա մյուս բոլոր արտահայտությունները, առավել ևս դա արտահայտվել է Թուրքիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ», — եզրափակել է Ցինկերը։