Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կստորագրի, երբ Հայաստանը փոփոխություններ կկատարի իր սահմանադրությունում. Ալիև

13 Փետրվարի 2026, 23:15

Քաղաքականություն

Ադրբեջանը կարող է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, երբ հայկական կողմը փոփոխություններ կկատարի իր սահմանադրությունում:։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ադրբեջանցի լրագրողին տված հարցազրույցում:

«Մեր դիրքորոշումը հայկական կողմին փոխանցվել է տարիներ շարունակ. անհրաժեշտ փոփոխությունները պետք է կատարվեն Հայաստանի Սահմանադրությունում: Հենց որ այդ փոփոխությունները կատարվեն, հենց հաջորդ օրը մենք խաղաղության պայմանագիր կստորագրենք»,-ասել է Ալիևը:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ձեռք է բերվել: «Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ՝ ստորագրված համատեղ հռչակագիրը և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, փաստացի նշանակում են խաղաղության հաստատում: Դրա պաշտոնական իրականացումը կախված է Հայաստանից: Որքան շուտ Սահմանադրությունում փոփոխություններ կատարվեն և դրանով բացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այնքան շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիր»,-ասել է Ադրբեջանի նախագահը: