Ադրբեջանը խելացի է աշխատում, ասում է՝ հիմա թող ճանապարհը լինի, ռուսները վերահսկեն, հետո կտեսնենք՝ ինչ ենք անում. Կարեն Իգիթյան

12 Հունիսի 2023, 17:30

Կարծիք

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւը վկայակոչելով 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ հայտարարել է, որ Ադրբեջանի արեւմտյան շրջաններն ու Նախիջեւանն իրար կապող ճանապարհները հսկելու են ռուս սահմանապահները:

Արձագանքելով Մուստաֆաեւին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից նշել են, որ եռակողմ աշխատանքային խմբի քննարկումներում նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել:

Գրասենյակից նաեւ ընդգծել են, որ ճանապարհները պետք է գործեն կողմերի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով։

Ինչո՞ւ են պաշտոնական Բաքուն ու Երեւանը ճանապարհների հսկողության վերաբերյալ հակադարձող հայտարարություններ անում:

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը Երեւանի եւ Բաքվի հայտարարությունները դիտարկում է Արեւմուտք-Ռուսաստան համատեքստում:

«Եթե կհիշեք՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր՝ «մենք գիտենք, որ Արեւմուտքից Հայաստանին առաջարկում են ռուսական զորքը հանել Հայաստանից, որի դեպքում Հայաստանն ինչ-որ բան կստանա:

Արեւմուտքից ասում են՝ մի ավելացրեք ռուսական ներկայությունը Հայաստանում, հակառակը, ամեն ինչ արեք, որ լքեն տարածաշրջանը:

Ադրբեջանը շատ խելացի է աշխատում, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը փորձում է ձեռք բերել նոր դաշնակիցներ: Եթե իրենք ուզում են այդ ճանապարհը ստանալ ու եթե այդ հարցում իրենց կարող են որպես դաշնակից օգտագործել Ռուսաստանին, ապա իրենք դա անում են: Իրենք շատ լավ հասկանում են, ասում են՝ հիմա թող ճանապարհը լինի, ռուսները վերահսկեն, հետո կտեսնենք՝ ինչ ենք անում:

Նույն ձեւ իրենք ստորագրեցին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Իհարկե իրենց դուր չէր գալիս, որ հայերը Բերձորի միջանցքով գնում-գալիս էին, բայց իրենք գիտեին, որ մի օր կօգտվեն իրավիճակից ու կփոխեն այն:

Հետագայում իրենք կարող են կոնֆլիկտ ստեղծել ճանապարհին, ասել, որ Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող անվտանգություն ապահովել, եւ այդտեղ անվտանգություն պետք է ապահովի իրենց զորքը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Կարեն Իգիթյանը:

Հիշեցնենք՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ՝ Հայաստանն ապահովելու է տրանսպորտային կապ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար:

Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, սակայն, հայտարարել է, որ սահմանային ծառայությունները վերահսկելու է հայկական կողմը:

«Սահմանների ամբողջովին վերահսկողությունը լինելու է հայկական կողմի վերահսկողության տակ: Այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ է, մյուս գործընկերները ի գիտություն են ընդունել սա, հույս ունենք, որ գործընկերները նույնպես այս սկզբունքով առաջ կշարժվեն»,- Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում նշել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: