Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի աշխատանքին՝ ստիպելով բուժառուներին վերադառնալ Ստեփանակերտ. Արցախի ՄԻՊ

Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը Alpha News-ին տեղեկացրել է, որ Ադրբեջանը կրկին խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը: Այս անգամ նրանք 25 բուժառուի և նրանց հարազատների են Արցախից Հայաստան տեղափոխելիս եղել, երբ Քաշաթաղի միջանցքում գործող ապօրինի ադրբեջանական անցակետում արգելվել է մեքենաների հետագա տեղաշարժը։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ արցախցիներին ստիպել են վերադառնալ Ստեփանակերտ, և ադրբեջանական հանրային տիրույթում շրջանառվող թեզերի համաձայն, պատճառաբանել են, թե այդ հատվածում քաղաքացիների տեղաշարժը վտանգավոր է, քանի որ փոխհրաձգություններ կան: Այսինքն՝ Ադրբեջանը իբր մտահոգվում է Արցախի ժողովրդի անվտանգության համար:

«Իրականում գաղտնիք չէ, որ Ադրբեջանը իր տեղադրած անօրինական անցակետը մշտապես օգտագործվելու է որպես գործիք, որ ակաբեկչական գործողություններ իրականացնելով վախեցնի արցախցիներին կամ նրանց զրկի արտաքին աշխարհի հետ ամբողջական կապից: Մեզ համար սա նորություն չէ»,- ընդգծել է Գեղամ Ստեփանյանը:

Կասեցվել է նաև հումանիտար բեռնափոխադրման նպատակով Գորիս մեկնող ռուս խաղաղապահների բեռնատարների շարժը, ինչպես նաև չեղարկվել է Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով տասնյակ անձանց ուղևորափոխադրումը, որը պետք է տեղի ունենար ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ առավոտյան ժամը 8:40-ի սահմաններում Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Առաջխաղացման փորձը կանխվել է հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում:

Ադրբեջանական սադրանքից հետո Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները Ադրբեջանն արգելել է:

Հիմա եթերում