Ադրբեջանը խոչընդոտում է Կարմիր խաչի կողմից ծանր հիվանդների և դեղորայքի փոխադրումը
12 Մայիսի 2023, 21:00
Ապրիլի 23-ին Գորիս-Ստեփանակերտ մայրուղու վրա՝ Հակարի կամրջի մոտ, անօրինական հսկիչ անցագրային կետ տեղադրելուց ի վեր Ադրբեջանի կողմից արհեստական պատճառաբանություններով խոչընդոտվում է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բնականոն գործունեությունը, որով ադրբեջանական կողմը ոչ միայն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները, այլև կոպտորեն խախտում է շրջափակման ընթացքում ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող անձանց ՀՀ տեղափոխելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Այս ընթացքում ԿԽՄԿ-ի կողմից բուժառուների տեղափոխում իրականացվել է երկու անգամ՝ ապրիլի 28-ին (13 բուժառու) և ապրիլի 29-ին (16 բուժառու): Ապրիլի 29-ից ամբողջությամբ դադարել են ԿԽՄԿ-ի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկության համաձայն՝ ադրբեջանական կողմն առաջ է քաշել հավելյալ պայմաններ՝ պահանջելով ստուգել բուժառուներին տեղափոխող մեքենաները, ինչպես նաև Կարմիր խաչի աշխատակիցների և բուժառուների անձնագրերը՝ խախտելով մինչ այդ ձեռք բերված համաձայնությունները։
Ադրբեջանի կողմից դիտավորյալ խոչընդոտվում է նաև Կարմիր խաչի միջոցով անհրաժեշտ դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ, որի հետևանքով լրջագույն խնդիրներ են առաջանում Արցախի բուժհաստատություններում։