Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան. Սերգեյ Լավրով
14 Հունվարի 2025, 13:58
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան, և նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ժամանակներս: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ երեքշաբթի օրը Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ:
Լավրովը նաև մեկնաբանել է Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը՝ նշելով, որ այն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ: Նախարարը հիշեցրել է ԵԱՏՄ զարգացմամբ զբաղվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության մասին:
«Հայաստանի կառավարությունն իրավունք ունի որոշում կայացնել ցանկացած միջազգային միության միանալու մասին։ Բայց այն պետք է հաշվի առնի դրական և բացասական կողմերը և պատասխանատվություն ստանձնի հետևանքների համար»,- հայտարարել է նա։
Լավրովի խոսքով՝ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն երկու անհամատեղելի կառույցներ են։ «Դրանք ազատ առևտրի երկու տարբեր գոտիներ են, մաքսատուրքերից և սակագներից հրաժարվելու կամ նվազեցնելու երկու տարբեր համակարգեր, դրանք չեն համընկնում»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: