ԱԳՆ-ն հերքել է հայտարարությունը, թե ԵԱՏՄ գագաթնաժողովը ՌԴ-ում անցկացնելու որոշումը կայացվել է Հայաստանի խնդրանքով

27 Նոյեմբերի 2024, 23:00

Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությունը, թե Հայաստանի խնդրանքով դեկտեմբերի 25-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը կայանալու է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Ուշակովի հայտարարությանը և հարցին, թե ինչո՞ւ նիստը Հայաստանում չի անցկացվելու՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր, Բադալյանը պատասխանել է․

«ԵԱՏՄ շրջանակներում գործող կանոնակարգով նախատեսված չէ, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անպայմանորեն անց է կացվում ԵԱՏՄ կանոնադրական մարմիններում նախագահող անդամ պետությունում: Համապատասխանաբար, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի անցկացման կարգի՝ հաջորդ հերթական նիստի անցկացման ժամկետների և վայրի մասին որոշումն ընդունվում է դրան նախորդող նիստի ընթացքում: Տվյալ դեպքում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2024թ. մայիսի 8- ին Մոսկվայում կայացած նիստի ընթացքում անդամ երկրների ղեկավարների կողմից որոշում է ընդունվել հաջորդ հերթական նիստն անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին Սանկտ Պետեբուրգում»:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որը կղեկավարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ԵԱՏՄ-ում 2024 թվականին նախագահում է Հայաստանը։ Ուշակովը նաև ասել էր, որ գագաթնաժողովը ՌԴ-ում անցկացնելու որոշումը կայացվել է Հայաստանի խնդրանքով։

Հիմա եթերում