Մանրամասներ Միրզոյան-Բլինքեն երկկողմ եւ Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումներից

27 Հունիսի 2023, 20:44

Քաղաքականություն

Հունիսի 27-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նոր տեղեկատվություն է հրապարակել հանդիպման մասին։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: 

Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը՝ որպես տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատման կարևոր գործոն: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ: 

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը: Նախարար Միրզոյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու, ինչպես նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հրամայականը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Վաշինգտոնում ավարտվել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հայաստանի արտգործնախարարը բարձրացրեց առկա խնդիրները, որոնց լուծումը առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար։ Հաստատեց այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,- ասված է ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։