ԱԳՆ-ում չգիտեն` որքան կտևի ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման գործընթացը
10 Մարտի 2024, 19:30
ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շուրջ առանձին բանաձև և/կամ քննարկում չի նախատեսվում: Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան Sputnik Արմենիայի գրավոր հարցման, թե ՀՀ քաղաքացիներն ի վերջո ե՞րբ կմեկնեն ԵՄ երկրներ առանց վիզայի, և ինչ փուլում ենք հիմա։
ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի երկխոսության մեկնարկից հետո բանակցությունները երկարատև գործընթաց է, որի վերջնարդյունքը կախված է ԵՄ անդամ բոլոր երկրների կոնսենսուսային համաձայնությունից։
ՀՀ քաղաքացիները առանց մուտքի արտոնագրերի պահանջի ԵՄ երկրներ մեկնելու հնարավորություն կունենան ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացումից հետո միայն։
«Հայկական կողմը շարունակական ջանքեր է գործադրում ՀՀ–ի համար առանցքային հարցերը Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաև ԵՄ այլ կառույցների ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ, այդ թվում՝ նպաստելով այս կամ այն ձևաչափով նշյալ առանցքային հարցերի շուրջ թիրախային քննարկումներին, ինչպես նաև համապատասխան բանաձևերի, հայտարարությունների մշակմանն ու ընդունմանը»,- նշված է ԱԳՆ պատասխանում: