Ահաբեկիչները հարձակում են գործել «Կովերի պարտեզ»-ի վրա, տուժել են խաղաղ բնակիչներ․ Սեդրակ Պալյան

28 Դեկտեմբերի 2023, 21:30

Քաղաքականություն

Այսօր մի խումբ ահաբեկիչներ սև շորերով ու դիմակներով, թվով մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով: Այս թեմայով Alpha News-ը խոսել է «Save the ARQ» շարժման հիմնադիր Սեդրակ Պալյանի հետ, ով տեղում ներկայացրել է իրավիճակը։

«Նրանք հարձակվել են խաղաղ բնակիչների վրա, վարդապետերի և եպիսկոպոսի վրա, բայց մեզ հաջողվել է նրանց դուրս հանել մեր տարածքից։ Ոստիկանություն էինք կանչել, բայց գտնվելով մեզնից ընդամենը 50 մետր հեռավորության վրա, նրանք եկել են միայն 20 րոպե հետո։ Ահաբեկիչները հենց ոստիկանության առջև կանգնած մեր վարդապետերին քարկոծում էին, բայց նրանց կողմից ոչ մի քայլ չէր կիրառում։ Ավելի ուշ ձերբակալել են 6 ահաբեկչի և երկու հայ երիտասարդների։ Սա առաջին դեպքը չէ, մեզ վրա էլի են հարձակվել, բայց ոստիկանությունը նրանց բռնելու փոխարեն մեր երիտասարդներին է ձերբակալել»,- ասել է Պալյանը։

Նա նաև նշել է, որ հայկական համայնքը համախմբվել է և կանխել ներխուժման բոլոր փորձերը։

«Բարեբախտաբար վնասվածքները շատ ծանր չէին։ Արցունքաբեր նռնակների պատճառով շատերի աչքերն են վնասվել, բայց շատ վատ վիճակում չեն, վնասվել են նաև մեքենաներ։ Չնայած այդ ամենին՝ մենք համախմբվել ենք եկեղեցու հետ և կանխել ներխուժման փորձերը։ Արդեն իսկ քրեական գործ է հարուցվել, սպասում ենք բացատրությունների։ Ամբողջ համայնքն այստեղ է, պատրաստվում ենք և պաշտպանվում, որ կարողանանք կանխել նոր հարձակումները»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Հայոց պատրիարքարանը վերջերս չեղարկել է «Կովերի պարտեզի» գործարքը։ Չեղարկմանն օրինական պատասխան տալու փոխարեն՝ կառուցապատողները փորձել են շինարարություն իրականացնել «Կովերի պարտեզ» կալվածքում։ Նրանք ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի օրինական դիրքորոշումն այս հարցում՝ փոխարենն ընտրելով սադրանքի մարտավարություն։