Ահազանգ. Դենիս Դենիսովը՝ Սյունիքի մասին ՌԴ ՊՆ նախարարի հայտարարության մասին
29 Մայիսի 2025, 23:00
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ-ի Սյունիքի մարզի շուրջ լարվածությունը պահպանվում է:
«Իհարկե, փաստի արձանագրումը բավականին մտահոգիչ ազդանշան է, բայց ես ունեմ այն զգացողությունը, որ, այնուամենայնիվ, գործը չպետք է հասնի նոր բաց զինված հակամարտության՝ ելնելով միջազգային և տարածաշրջանային կոնյունկտուրայից, որը մենք այժմ տեսնում ենք»,-ասել Է Դենիսովը:
Փորձագետի խոսքով՝ նոր հակամարտության դեպքում Ռուսաստանը ելնելու է իր պարտավորություններից։
«Ռուսաստանի դիրքորոշման մասին խոսելը դեռ վաղաժամ է։ ՌԴ-ի դիրքորոշումը, բնականաբար, բխելու է այն նորմատիվ իրավական փաստաթղթերից, պարտավորություններից, որոնք գոյություն ունեն, բայց նաև ՌԴ-ի ազգային շահերից։ Պետք չէ առաջ ընկնել և, առավել ևս, ամպագոռգոռ հայտարարություններ անել այն մասին, թե ՌԴ-ն կաջակցի կամ չի աջակցի նոր հակամարտության դեպքում։ Բայց միևնույն ժամանակ, ես անձամբ չունեմ այն զգացողությունը, որ մենք նոր պատերազմի շեմին ենք», — եզրափակել է Դենիսովը։