ԱՀԿ-ն խստորեն դատապարտում է Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող գործողությունները
Խստորեն դատապարտում ենք Լաչինի միջանցքում և Հայաստանի սահմանին տեղի ունեցող գործողությունները. բուժաշխատողների թիրախավորումն անընդունելի է: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվիրակության ղեկավար Մարթե Էվերարդը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպման ժամանակ։
ԱՆ-ից հայտնում են, որ ԱՀԿ պատվիրակությունը նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը նշել է, որ պատրաստ են օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները` նմանատիպ գործողությունները դատապարտելու համար:
Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի` խնդրի կարգավորման մեջ անձնական ներգրավվածության համար:
Պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանում ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչ Մարթե Էվերարդը:
Հանդիպմանը քննարկվել են Առողջապահության համաշխարհային 76-րդ վեհաժողովին ընդառաջ Հայաստանի և ԱՀԿ համագործակցությունը խորացնելու, ԱԱՊ օղակի, որակի ապահովման բարեփոխումներին տեխնիկական աջակցություն տրամադրելուն առնչվող հարցեր:
Նշվել է, որ ԱՀԿ ներկայացուցչի նշանակումը, ինչպես նաև գալիք Վեհաժողովի շրջանակներում Անահիտ Ավանեսյան-Հանս Կլյուգե հանդիպումը կնպաստի համագործակցության ակտիվացմանը: