Աիդա Բոյաջյան. հայտնի հայ նկարչուհին

16 Դեկտեմբերի 2023, 23:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, հայտնի նկարչուհի Աիդա Բոյաջյանը կդառնար 91 տարեկան:

Աիդա Բոյաջյանը ծնվել է 1932 թվականին Կահիրե քաղաքում՝ բժշկի ընտանիքում։ Արդեն պատանեկության տարիներին Աիդան հաճախել է գեղարվեստի դպրոց, որտեղ սովորել է հայտնի նկարիչ Աշոտ Զորյանի մոտ։ Նա իր գործունեությունը սկսել է «Ալի Բաբա» մանկական ամսագրի ծաղրանկարներով։

1947 թվականին Բոյաջյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, սակայն չի դադարել զբաղվել իր սիրած զբաղմունքով և ընդունվել է Պիոներների պալատին կից նկարչական բաժին:

Աիդան դպրոցն ավարտել է գերազանցությամբ, իսկ ավելի ուշ ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ: Լավ առաջադիմության համար նա ստացել է «Գրիբոյեդովի կրթաթոշակ», որի շնորհիվ նա կարող էր մեկնել Մոսկվա և Լենինգրադ՝ ուսումնասիրելու ռուսական և համաշխարհային գեղարվեստական գլուխգործոցները:

1959 թվականին Աիդա Բոյաջյանը դարձել է նախկին ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ:

Գեղանկարչությունից բացի նկարչուհին զբաղվել է նաև գրաֆիկայով և գրքերի ձևավորմամբ, հեղինակել է հարյուրից ավելի պատկերազարդ ալբոմներ:

Աիդան մասնակցել է համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների, որի համար բազմիցս ստացել է դիպլոմներ։

1979 թվականին Երեխաների համաշխարհային տարվա առթիվ հայտարարված գրքի դիզայնի մրցույթում Աիդան մրցանակ է ստացել Աթաբեկ Խնկոյանի «Լուսին, լուսին, լուսավոր դեմք» մանկական գրքի ձևավորման համար:

Նկարչուհու աշխատանքները ցուցադրվել են Լեհաստանում, Չեխոսլովակիայում և այլ երկրներում: