Աիդա Սարգսյան․ 2000-ականների ամենասիրված երգչուհին

18 Դեկտեմբերի 2024, 23:13

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Դեկտեմբերի 18-ին երգչուհի Աիդա Սարգսյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 18-ին Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 158 միջնակարգ դպրոցը, որից հետո սովորել է Հայպետֆիլհարմոնիային կից ջազային ստուդիայում, որտեղ խմբերից մեկում մենակատար է եղել։ Սարգսյանը զուգահեռ սովորել է Երևանի Բեկնազարյանի անվան կինոստուդիայում։

2000-ականներին նա ամենաթոփային երգչուհիներից էր։ Երգչուհին հայտնիություն ձեռք բերեց «Լորկ-լորկե», «Պար շիրխանի» և «Կռունկներ» երգերի կատարումից հետո։ Չկար մի հայ, ով չիմանար այդ երգերը։

2010 թվականին երգչուհին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, Լոս Անջելեսում՝ հայ ժողովրդական երգի լավագույն ներկայացնող և Տարվա լավագույն երգչուհի մրցանակներով, իսկ Մոսկվայում արժանացել է դափնեկրի կոչման։ Արժանացել է նաև ՀՀ սպորտի և մշակույթի նախարարությունների ոսկե մեդալների։

Իր կարիերայի գագաթնակետին, բոլորի համար անսպասելիորեն, Աիդա Սարգսյանը որոշեց տեղափոխվել ԱՄՆ։ Նա նույնիսկ որոշ ժամանակով թողեց իր մասնագիտությունը և որոշեց յուրացնել նաև բուժաշխատողի մասնագիտությունը։ Աիդայի խոսքով՝ բժիշկ դառնալն իր մանկության երազանքն է եղել։

ԱՄՆ-ում նա բախվել է տարբեր դժվարությունների, բայց, ի վերջո, կարողացել է հաղթահարել դրանք: Սարգսյանին հաջողվել է համատեղել բժշկական ոլորտում աշխատանքն ու երգելը։ Աիդայի երկրպագուներն այսօր էլ շարունակում են լսել նրա հիթերը, չնայած այն բանին, որ երկար տարիներ են անցել։

Հիմա եթերում