Աջակցում ենք հայ-ադրբեջանական ջանքերին, որով հող է պատրաստվում Հարավային Կովկասի խաղաղ ապագայի համար

21 Հունվարի 2024, 12:11

Քաղաքականություն

Ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել, որ ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուի Բոնոյի այցը Բաքու չի կայացել, քանի որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է նրան ընդունել։ Ավելին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույցում մի շարք հայտարարություններ արեց, որոնք ոչ միայն ավելի բարդ դրություն ստեղծեցին բանակցային գործընթացի համար, այլև անգամ թիրախավորեցին միջնորդ պետություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին։ Վերջինիս մասով Ալիևը շեշտեց, որ ԱՄՆ-ին չի ընկալում որպես անաչառ կողմ։ Այս կապակցությամբ Radar Armenia-ն դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը՝ պարզելու համար ԱՄՆ դիրքորոշումը։

  1. Ադրբեջանական ԶԼՄ-ները փոխանցում են, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է ընդունել ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյին, ինչպես նաև չի ճանաչում ԱՄՆ-ին որպես անկողմնակալ միջնորդ։ Ինչպե՞ս կարող եք սա մեկնաբանել։
  2. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը չի բացելու Հայաստանի հետ սահմանները, քանի դեռ Ադրբեջանից դեպի Նախիջևան անխոչընդոտ միջանցք (առանց անվտանգային, մաքսային և սահմանային վերահսկողության) չի տրամադրվել Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Արդյո՞ք այս նախապայմանն ընդունելի է ԱՄՆ կառավարության համար։

Այս հարցերին ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են.

«Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղության գործընթացին։ Պարոն Բոնոն կանոնավոր կերպով խոսակցություն է ունենում Հայաստանում և Ադրբեջանում տարբեր առանցքային ներկայացուցիչների հետ՝ աջակցելու խաղաղության գործընթացին։ 

Ընդհանուր առմամբ, մենք աջակցում ենք հայ-ադրբեջանական ջանքերին, որոնք հող են պատրաստում Հարավային Կովկասի բնակչության՝ առավել խաղաղ ու բարգավաճ ապագայի համար։ ԱՄՆ-ն հավատարիմ է մնում աջակցելու այդ ջանքերին՝ լուծելու երկարատև խնդիրները և հասնելու արժանապատիվ ու կայուն խաղաղությանը»։

Հիմա եթերում