ԱԺ-ն վավերացրել է Հռոմի ստատուտը՝ 60 կողմ, 22 դեմ ձայներով
03 Հոկտեմբերի 2023, 13:30
Խորհրդարանը 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով ճանաչելու մասին նախագիծը։
Դեմ են քվեարկել միայն ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։
Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1998թ–ին, սակայն չէր վավերացրել։ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2004 թ. Հռոմի ստատուտը հակասահմանադրական էր ճանաչել:
2022 թ. դեկտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, Ադրբեջանին պատասխանատվության կանչելու հնարավորության պատճառաբանությամբ, միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսելու նպատակով դիմել էր ՍԴ՝ հիմնավորելով, թե 2004 թ.-ից հետո Հայաստանում երկու անգամ Սահմանադրություն է փոխվել:
2023 մարտի 24-ին Բարձր դատարանը սահմանադրական էր ճանաչել այդ կանոնադրությունը:
Հավելենք նաեւ, որ Հռոմի ստատուտը վավերացնող երկրները պարտավորվում են ճանաչել Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը: Իսկ Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր տվել՝ մեղադրելով ռազմական հանցագործության համար:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա: Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանի Ազգային ժողովում կգտնվեն ուժեր, որոնք «չեն հաստատի» Հռոմի ստատուտի թունավոր որոշումը: