ԱԺ-ն վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը
20 Մարտի 2024, 10:32
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը:
Հայաստանի Հանրապետությունում ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները և անձնակազմը մաքսային և հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություն։
Հստակեցվում են նաև Հայաստանում ԵՄ առաքելության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված պատկան մարմինների գործառույթները, Հայաստանի տարածքում սահմանի հատման, տեղաշարժի ընթացակարգերի, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև քրեական իրավազորությունը, անվտանգությունը, տեղեկությունների հասանելիությանն առնչվող այլ հարցեր։
Ինչպես նշվում է, 2022 թվականին, հայկական կողմի խնդրանքով, ԵՄ խորհուրդը աննախադեպ արտակարգ որոշում է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին ԵՄ դիտորդների քաղաքացիական առաքելություն երկամսյա ժամկետով տեղակայելու մասին։ (2022 թվականի հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 19-ը):
2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը երկրորդ որոշումն է ընդունել Հայաստանում նոր քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ իր մանդատի մեկնարկից 2 տարի ժամկետով։
2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել ընդլայնել քաղաքացիական առաքելության կազմը, ինչը հնարավորություն է տվել մեծացնել առաքելության մոնիթորինգի հնարավորությունները հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: