ԱԺ-ում Հովիկ Աղազարյանի ելույթը բորբոքեց ՔՊ-ականներին․ նրան դուրս հրավիրեցին

03 Հուլիսի 2025, 12:35

Քաղաքականություն

ԱԺ-ում անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթից հետո իրավիճակը լարվեց, վիճաբանություն սկսվեց պատգամավորների միջև: Նա ելույթ էր ունենում ի պաշտպանություն ՀԷՑ-ի, սակայն նրա հայտարարությունից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին։

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը դուրս հրավիրեց Աղազարյանին դահլիճից և արգելեց մասնակցել նիստին:

Աղազարյանն իր ելույթում նախ նշեց, որ եթե Երևանի կոնյակի գործարանը չմասնավորեցվեր, այսօր խաղողագործություն չէր լինի ՀՀ-ում, ապա անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման գործընթացին՝ նշեց, որ այդ քայլերով փորձ է արվում հակառուսական տրամադրությունները խորացնել ՀՀ-ում:

«Դա արվում է նրա համար, որ մենք վաղը, մյուս օրը շրջվենք դեպի արևմուտք, իսկ արևմուտքը սկսվում է Թուրքիայից, իսկ Թուրքիան, որ սկսենք իրենից արևմուտք գնալ, կասի 300 հազար փախստականներ: Եթե 300 հազար փախստականից մի չնչին մասը կգա Հայատսան, ապա բոլորդ գիտեք, թե ինչ տեղի կունենա: Խնդրում եմ ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,-ասաց նա:

Այս ելույթից հետո ՔՊ-ականները սկսեցին գոռալ․ «Ամոթ, ամոթ», որից հետո էլ սկսվեց վիճաբանությունը։

Հիմա եթերում