ԱԺ ընդդիմությունը նախաձեռնել է հրատապ նիստ՝ պահանջելու ԱԺ-ից հանդես գալ հայ ռազմագերիների ազատ արձակման կոչով
31 Հոկտեմբերի 2024, 14:55
ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ հրատապ նիստ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Ըստ նրա՝ նիստը տեղի կունենա հաջորդ քառօրյայում, հավանաբար նոյեմբերի 12-ին։
Իշխան Սաղաթելյանը նշեց՝ հարցը վերաբերում է նրան, որ ԱԺ-ն հանդես գա Բաքվում գտնվող ռազմագերիների և պատանդառված անձանց ազատ արձակման կոչով։
Բացի այդ, ըստ նրա, վաղը՝ ժամը 14:00-ին, ՀՅԴ ԳՄ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների, նաև ԱԳՆ-ի դիմաց՝ կրկին կոչ անելով միջազգային կազմակերպություներին և COP29-ին մասնակցող պատվիրակներին՝ հանդես գալ նույն կոչով և ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա։
«Աշխարհում այս հարցով կա օրակարգ, տարբեր խորհրդարանականներ, կառավարություններ, միջազգային իրավունքի կազմակերպություններ նման կոչով հանդես են եկել։ Եթե Հայաստանում չլինի նման կոչ, տարօրինակ կլինի։ Ուզում ենք ցույց տալ, որ հանրությունը պահանջում է»,-ասաց նա։