Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը ԲՊՀ-ին նվիրել է պարբերական աղյուսակ՝ իր ինքնագրով

10 Սեպտեմբերի 2023, 00:50

Հայեր

Ինչպես հաղորդում է Minsk-News գործակալության թղթակիցը, Բելառուսի պետական համալսարանում (ԲՊՀ) տեղի է ունեցել հանդիպում ֆիզիկայի լեգենդ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանի հետ։

Գիտնականը դասախոսություն է կարդացել ուսանողների և հետազոտողների համար, խոսել այն դժվարությունների մասին, որոնց բախվում են գիտնականները՝ նոր տարրեր հայտնաբերելիս, և կիսվել է ֆիզիկայի ապագայի վերաբերյալ իր տեսլականով։

«Իրականությունն արդեն առաջ է գիտական ֆանտազիաներից։ Գլխավորը հետ չմնալն է, ոչ թե կառչելը ընդհանուր ընդունված հասկացություններից, այլ առաջ գնալը, քանի որ գիտական գաղափարները մեծ արագությամբ հնանում են։ Այն, ինչ այսօր համարվում է դժվար ու զարմանալի, տասը տարի հետո սովորական կլինի։ Ուստի, երիտասարդությունը և նրանց նախաձեռնությունը կարևոր դեր են խաղում գիտության մեջ: Զարգացումը պահանջում է նոր գաղափարներ, որոնք կարող են առաջարկել երիտասարդ գիտնականները»,- ասել է ակադեմիկոսը։

Գիտնականը համալսարանին պարբերական աղյուսակ է նվիրել իր ինքնագրով՝ իր պատվին անվանված տարրի դիմաց։

Յուրի Հովհաննիսյանը ֆիզիկոս է, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս (1997 թ., թղթակից անդամ՝ 1990 թվականից)։ Յուրի Հովհաննիսյանը հայտմաբերել է Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող 118-րդ քիմիական տարրը՝ oganesson (Og)-ը։ Նրա աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Նա նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։