Ականավոր գիտնական Յուրի Հովհաննիսյանին Դուբնայում բացառիկ բարձ են նվիրել
08 Օգոստոսի 2023, 08:28
Հայկական ծագումով ռուս ականավոր գիտնական Յուրի Հովհաննիսյանը Դուբնայում արտասովոր նվեր է ստացել։ Աննա Զուբկովայի ստեղծագործական արհեստանոցում գիտնականի համար պատրաստվել է բացառիկ բարձ՝ «Օգանեսոն» ասեղնագործությամբ։ Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին հաճելիորեն զարմացրել է Դուբնայից արհեստավորուհու նվերը։
Յուրի Հովհաննիսյանը ֆիզիկոս է, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս (1997 թ., թղթակից անդամ՝ 1990 թվականից)։ Յուրի Հովհաննիսյանը հայտմաբերել է Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող 118-րդ քիմիական տարրը՝ oganesson (Og)-ը։Նրա աշխատանքները վերաբերում են փորձարարական միջուկային ֆիզիկային և արագացուցչային տեխնիկային։ Հովհաննիսյանի ղեկավարությամբ կատարվել են գերծանր քիմիական տարրերի սինթեզման բազմաթիվ փորձեր, մշակվել են այդ տարրերի հատկությունների հետազոտման փորձարարական ինքնատիպ կայանքներ։ Նա նոր տարրերի (104-108 ատոմային կարգահամարով) արհեստական սինթեզի բնագավառում կատարված 11 հայտնագործությունների համահեղինակ է։ Ղեկավարել է ծանր միջուկների արագացուցիչների ստեղծման աշխատանքները և հետազոտել այդ միջուկների ռեակցիաների մեխանիզմը, տրոհման շարժառիթները, էկզոտիկ միջուկների հատկությունները։