Ակցիայի մասնակիցները փակեցին Ռուսաստանի դեսպանատան հարակից փողոցը

28 Օգոստոսի 2023, 19:15

Քաղաքականություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց ակցիայի մասնակիցչները քիչ առաջ փակեցին Զաքյան եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկը: Նրանք կոչ արեցին քաղաքացիներին անտարբեր չմնալ եւ միանալ իրենց բողոքի ակցիային:

Ավելի վաղ «Մենք Արցախն ենք» նախաձեռնության անդամները ադրբեջանցիների կողմից արցախցի երիտասարդի առեւանգման դեպքով բողոքի ակցիա էին իրականացրել Ռուսաստանի դեսպանատան դիմաց:

Նրանք պահանջում են, որ Ռուսաստանը տեր կանգնի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին եւ անվտանգ երթեւեկություն ապահովի Լաչինի միջանցքով:

Հիշեցնենք՝ ադրբեջանցիներն այսօր առեւանգել են Հակարիի կամրջով ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցի 22-ամյա Ալեն Նելսոնի Սարգսյանին: Առեւանգման պատճառների մասին որեւէ հավաստի տեղեկություն դեռեւս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, որը մեկնում էր Երեւան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ Ալեն Սարգսյանին ադրբեջանցիները ուժի եւ հարկադրանքի կիրառմամբ են առեւանգվել ու անհայտ ուղղությամբ տարվել:

Ըստ նրա՝ Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից եւս 5 հոգու Ադրբեջանի սահմանապահ եւ այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։

Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից եւս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը եւ Լեւոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, թե ձերբակալվածները մեղադրվում են 2021 թվականին «ադրբեջանական դրոշը անարգելու» մեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին էլ Հակարիի կամրջի վրա տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն առեւանգել էին 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ սրտի անհետաձգելի բուժօգնության նպատակով Արցախից Հայաստան էր տեղափոխվում։

Հիմա եթերում