Իրավական իմաստով խայտառակություն է․ Արամ Վարդևանյան
14 Օգոստոսի 2025, 20:23
Հակակոռուպցիոն դատարանն ընդմիջել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը։ Լրագրողների հետ զրույցում գործարարի պաշտպաններից Արամ Վարդևանյանն ասաց, որ նիստում դեռևս քննիչն է միջնորդություն ներկայացրել։
«Ակնհայտ անհիմն միջնորդություն է ներկայացվել՝ նվազագույն հիմնավորվածության շեմը բնավ չհաղթահարած։ Հաջորդիվ ներկայացնելու ենք մեր դիրքորոշումը։ Այդ միջնորդության վերաբերյալ, բնականաբար, ունենք հարցադրումներ։
Վարույթ իրականացնող մարմինը գտնում է, որ նորից պետք է կալանքը գործի, այն դեպքում, երբ ի սկզբանե հունիսի 18-ին, երբ այս խափանման միջոցը ընտրվել էր, որն իրավական իմաստով խայտառակություն է, հիմա այդ խայտառակության շարունակությունն է փորձ արվում իրացնել դատարանում։ Մեծ հույս ունեմ, որ ի վերջո արդարությունը և իրավունքը պետք է գերակայի։ Այդ հույսն ունի իրավական հիմք։ Դա կոչվում է ՀՀ սահմանադրություն»,- նշեց փաստաբանը։