Ալիևը «ժամանակ չի գտել» Փաշինյանի հետ հանդիպելու համար. Միրզոյան

25 Հոկտեմբերի 2023, 16:32

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու ժամանակ չի ունեցել:

«Ակնհայտ է, որ ժամանակ չի գտել Ադրբեջանի նախագահը, քանի որ մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ` իսկապես, խնդիրը կոնկրետ ժամկետներն են ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին», — ասել է Միրզոյանը՝ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նշենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը այսօր հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի չի ունենա: