«Ակնհայտ է՝ սա Բաքվի օրակարգն է». Կարեն Իգիթյանը՝ ԱԳՆ-ի կայքից ԼՂ հիմնախնդրի բաժնի հեռացման մասին

13 Փետրվարի 2024, 21:30

Քաղաքականություն

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը պատահական չի համարում Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքից «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժնի անհասանելի դառնալը կամ էլ հեռացվելը:

«Սա նման առաջին դեպքը չէր, օրինակ՝ ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից էլ հեռացված է արցախյան պատերազմի մասին պատմող էջը: Հիմա հերթը ԱԳՆ-ինն է: Ակնհայտ է, որ սա Բաքվի օրակարգն է, ընդ որում՝ Բաքվի քարոզչամեքենան դեռ տարիներ առաջ անդրադարձել էր ԱԳՆ կայքում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող բաժնին, որտեղ, ի դեպ, գրագետ նյութ էր տեղադրված: Հիմա այդ նյութը չկա, եւ բնականաբար, Հայաստանի կառավարությունը պետք է ասեր, որ սա տեխնիկական խնդրի հետեւանք է: Հենց այս օրերին նման մի քանի «տեխնիկական» հարցեր ծագել են նաեւ դպրոցներում կամ զորանոցներում՝ փառքի անկյունները հեռացնելու հետ կապված»,- ասաց Կարեն Իգիթյանը:

Նշենք, որ միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը թելեգրամյան իր ալիքում հայտնել էր, որ Հայաստանի ԱԳՆ կայքից հեռացվել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» բաժինը։

ԱԳՆ-ից այսօր լրատվամիջոցների հետ զրույցում հերքել են, թե կայքից հեռացվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինը, ընդգծելով, որ «բովանդակությունն արտացոլված կլինի պատշաճ ժամկետներում»:

Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը օրեր առաջ հայտարարել էր, թե բացի Հայաստանի անկախության հռչակագրից, ինչպես նաեւ Հայաստանի ընդունած այլ փաստաթղթերից, Բաքվի համար վիճահարույց է նաեւ Հայաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը, որտեղ ղարաբաղյան խնդրին նվիրված հատվածում ասվում է, թե Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։