Ակնկալում ենք, որ միջազգային մոբիլիզացիա կլինի նաև Արցախի հարցում. Արցախի ՄԻՊ

19 Հունիսի 2023, 18:42

Քաղաքականություն

«Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների խախտման դեպքերը ամբողջությամբ տեղավորվում են ռասսայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի շրջանակում»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով հումանիտար բեռների մուտքը դեպի Արցախ արգելելու Ադրբեջանի գործողություններին:

Նշենք, որ Հակարիի կամրջի մոտ հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում, ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխելուց հետո, Ադրբեջանն արգելել է Արցախում հումանիտար բեռների Լաչինի միջանցքով փոխադրումը: Արգելվել են նաև ուղևորափոխադրումները, այդ թվում բժկական օգնության կարիք ունեցողների տեղափոխումը Հայաստան:

«Բացի դատական պաշտպանության միջոցներից, կան անև կոնվենցիոն մի շարք մարմիններ՝ ՄԱԿ-ի և Եվրախորհրդի շրջանակներում գործող, որոնց հիմնական առաքելությունը վերահսկողությունն է անդամ պետությունների կողմից այս կամ այն կոնվենցիայով ամրագրված իրավունքների պաշտպանության հարցում». ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
Ստեփանյանն ընդգծում է՝ «Ադրբեջանի կողմից վավերացվել են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, որոնցով սահմանվում են մարդու իրավունքների պաշտպանությունը»:
Նրա խոսքով Արցախում շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտման դեպքերը լայնածավալ են:

«Այդ իրավունքներն ամրագրված են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Եվրոպական կոնվենցիայով, ռասսայական բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով, երեխաների իրավունքների մասին միջազգային կոնվենցիայով»,- ասում է Ստեփանյանը և հավելում՝ Ադրբեջանը մեկ կոնվենցիա չէ, որ խախտել է:

Թե՛ ՄԻԵԴ ,և թե ՄԱԿ-ի դատարանների կողմից արձանագրվել են, որ Արցախի ժողովրդի իրավուքնների խախտում է տեղի ունեցել և որոշվել է միջանկյալ միջոց կիրառել, հիշեցնում է Ստեփանյանը: