Ակնկալում ենք շուտով հյուրընկալել հայ-ադրբեջանական բանակցությունների ևս մեկ փուլ. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ

22 Հունիսի 2023, 10:38

Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը հունիսի 21-ին կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և սպասվող հանդիպումներին:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների մեկ այլ փուլի հյուրընկալմանը, քանի որ կողմերը կշարունակեն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները:

Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղղակի երկխոսությունը խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու հիմքն է:Մենք կարծում ենք, որ լարվածության հրահրման և բարձրացմանն ուղղված քայլերն անարդյունավետ են այս պահին, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները ընթանում են տարբեր հարթակներում:

Մենք շարունակում ենք ներգրավված լինել այս հարցում և ակնկալում ենք, որ շուտով կհյուրընկալենք բանակցությունների ևս մեկ փուլ»:

Պատելը նաև մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի մեկնաբանությունը ԱՄՆ միջնորդության վերաբերյալ.«Եթե Ռուսաստանը կարծում է, որ կարող է կառուցողական դեր խաղալ այս հարցում, իհարկե, ողջունելի է, բայց մենք շարունակում ենք զգալ, որ այս բանակցությունները առաջընթաց են ապրում, դրանք շարունակվում են։

ԱՄՆ-ն այս հարցում կարևոր դեր է ունեցել: Այդ հարցով անձամբ զբաղվել է պետքարտուղարը: Դուք տեղյակ եք բազմաթիվ ներգրավվածությունների մասին ինչպես պետքարտուղարի մակարդակով, այնպես էլ աշխատանքային մակարդակով:

Կարծում եմ` այս ամենը արտացոլում է այն փաստը, որ մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է այս խնդրի լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար։ Եվ մենք նաև շարունակում ենք մտածել, որ այս գործընթացում երկխոսությունը չի կարող փոխարինվել»։