Ակնկալում ենք սպառիչ գործողություններ, այլ ոչ թե կոչեր. ակցիայի մասնակից
Մենք այստեղ աջակցում ենք Արցախում ստորագրահավաք անցկացնողներին այն ակնկալիքներով, որ աշխարհը գոնե կնկատի մեզ, թույլ չի տա սադրիչին՝ շարունակել իր ոչ արդար գործողությունները: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամներից Գայանե Հարությունյանը:
«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի եւ ստորագրահավաքի նախաձեռնող խումբն այսօր Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճեններն է հանձնում Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին եւ ՀՀ կառավարությանը։
«Քանի որ մեր Արցախի երիտասարդները ֆիզիկապես ի վիճակի չեն իրենց սկսած գործն ավարտել, մենք այստեղ օգնում ենք նրանց: Եթե մենք նորից չստանանք պատասխան մեր հավաքած ստորագրություններին ու պահանջներին, ապա համապատասխան պատասխանը կստանան»,- նշել է նախաձեռնության անդամը:
Արցախցի Տիգրան Միքայելյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ իր ընտանիքի անդամներն Արցախում են, իսկ ինքը մնացել է Հայաստանում:
«Քանի որ արցախցիները ֆիզիկապես հնարավորություն չունեն իրենք հանձնելու ստորագրությունները, այսօր մենք ենք հանձնում շահագրգիռ մարմիններին՝ ակնկալելով նրանցից սպառիչ գործողություններ, այլ ոչ թե կոչեր:
Արցախում պահվող 120 հազար հայ բախվում է նույն խնդիրներին, կլինի դեղորայքի, էլեկտրաէներգիայի, սննդի հետ կապված, բայց հիմա ավելի կարեւորն անվտանգային հարցերն են»: