Ալբերտ Ազարյան. Մարմնամարզության լեգենդը և «Ազարյանական խաչ»-ի հեղինակը
11 Փետրվարի 2025, 23:50
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Փետրվարի 11-ը հայ և խորհրդային լեգենդար մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է:
Ալբերտ Ազարյանը երեք անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն, չորս անգամ աշխարհի չեմպիոն, ինչպես նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն և ԽՍՀՄ տասնմեկակի չեմպիոն: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային կարգի մրցավար: Մրցումներում հանդես է եկել հռչակավոր «Սպարտակ» ակումբում։ 1956 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։
Հոր ողբերգական կորստից հետո 14-ամյա Ալբերտը սկսել է աշխատել դարբնոցում՝ մորը աջակցելու համար։ Չնայած դժվարություններին՝ 17 տարեկանում իր համար բացահայտել է մարմնամարզության աշխարհը, իսկ 1956 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
Ազարյանը համարվում էր իր ժամանակի մեծագույն մարմնամարզիկը օղակների վրա վարժություններում։ Նրա եզակի հնարքը՝ «խաչը», որը առաջին անգամ կատարել է 1953 թվականին Լենինգրադում, հայտնի է դարձել ամբողջ աշխարհում և կոչվել նրա անունով։
1952-1962 թվականներին Ազարյանը 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, որից 8 հաղթանակ տարել է օղակների վրա վարժությունում: Նա երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն (1954 և 1958) և երկու անգամ օլիմպիական չեմպիոն (1956 և 1960): 1962 թվականին նրա վառ և ոգեշնչող կյանքի մասին նկարահանվել է «Փառքի օղակներ» ֆիլմը։
Մարզական փայլուն կարիերան ավարտելուց հետո Ազարյանը գլխավորել է Երևանի մարմնամարզության դպրոցը, ակտիվորեն զբաղվել է միջազգային մրցումներում մրցավարությամբ, իսկ 70-ականների կեսերին պայմանագրով աշխատել է Նիդերլանդներում: Նրա որդին՝ Էդուարդ Ազարյանը, նույնպես դարձել է ականավոր մարմնամարզիկ և հաղթանակ բերել խորհրդային հավաքականին 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերում։ Ալբերտ Ազարյանի դպրոցում դաստիարակվել են այնպիսի մեծ մարմնամարզիկներ, ինչպիսիք են Արթուր Հակոբյանը, Նորայր Սարգսյանը, Վահագն Ստեփանյանը, Հարություն Մերդինյանը, Արտյոմ Ավետյանը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։
2000 թվականին Հայաստանի մարզական լրագրողները Ալբերտ Ազարյանին ճանաչել են 20-րդ դարի հայ մեծագույն մարզիկ: 2004 և 2008 թվականներին նրան վստահվել է Աթենքի և Պեկինի Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացմանը Հայաստանի դրոշը կրելու պատվավոր իրավունքը: Նա նաև գլխավորել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:
2001 թվականին Երևանի քաղաքապետարանի օլիմպիական հերթափոխի մարմնամարզության մարզադպրոցն անվանակոչվել է Ալբերտ Ազարյանի անվամբ։ 2022 թվականին նույն դպրոցի բակում տեղադրվել է մարմնամարզիկի կիսանդրին, արարողությանը ներկա էր նաև նա՝ 93-ամյա Ազարյանը:
Ալբերտ Ազարյանը կյանքից հեռացել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին՝ կյանքի 95-րդ տարում։ Նա անջնջելի հետք է թողել մարմնամարզության պատմության մեջ և միլիոնավոր երկրպագուների սրտերում: