Ալեն Բերբերյան․ Ֆրանսիական կինոարտադրության կուլտային ռեժիսորը

02 Հուլիսի 2024, 23:59

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հուլիսի 2-ին ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Ալեն Բերբերյանի ծննդյան օրն է:

Ալեն Բերբերյանը ծնվել է 1953 թվականին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Առաջին քայլերը կինոյում սկսել է ֆրանսիական հեռուստատեսությունում և 15 տարի շարունակ Ալեն Բերբերյանը եղել է «Canal+» հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի հեռարձակման խմբագիրը:

80-ականների վերջերից Բերբերյանը նկարահանել է հեռուստասերիալներ և հեռուստաշոուներ։ Առաջին ֆիլմը, որը նկարահանել է Ալենը որպես ռեժիսոր, եղել է «Վախի քաղաքը» կատակերգությունը։

Հարկ է նշել, որ հայը հայտնի դարձավ իր կատակերգություններով, որոնք անմիջապես սիրվեցին հանդիսատեսի կողմից: Նրա հաջող աշխատանքների թվում են ««Պապարացցի», «Կորսիկացին» կատակերգությունները, որտեղ Բերբերյանը ոչ միայն ռեժիսոր էր, այլև համահեղինակ:

2000-ականների սկզբին Բերբերյանը սեփական սցենարով բեմադրել է Ժան-Յուգ Օպելի վեպի հիման վրա նկարահանված «Վեցը» թրիլլերը։ «Կարիբյան ծովահենները» հայտնի ֆիլմի թեմատիկ մշակման փաստացի շարունակությունը դարձավ ռեժիսորի «Գանձերի կղզին» (2007թ.) արկածային ֆիլմը, որը նա նկարահանել է հունգարացի և անգլիացի կինոնկարահանողների հետ համատեղ:

Շատ անվանի կինոգործիչներ միաբերան նշում էին, որ Ալեն Բերբերյանը ֆրանսիացի լավագույն կինոռեժիսորներից մեկն էր, ով նոր շունչ հաղորդեց ֆրանսիական կինոյի մշակույթին:

Ալեն Բերբերյանը կյանքից հեռացել է 2017 թվականի օգոստոսի 22-ին Փարիզում երկարատև հիվանդությունից հետո՝ թողնելով կինոժապավեններ, որոնք արդիական կլինեն դեռ շատ տասնամյակներ: