Ալեն Սիմոնյանը Թուրքիայում արդարացավ «Նեմեսիս»-ի հուշակոթողի բացման համար

06 Մայիսի 2023, 14:51

Քաղաքականություն

Չնայած Թուրքիան օդային տարածքը փակել է հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, սակայն բացառության կարգով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 3-ից 4-ը գտնվում էր Անկարայում՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին, Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստին:

Թուրքիա այցի ընթացքում Ալեն Սիմոնյանը երեկ՝ մայիսի 4-ին, մոտ 20 րոպե տևողությամբ առանձնազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակցի՝ Մուստաֆա Շենթոփիի հետ:
Ալեն Սիմոնյանը անդրադարձել հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների՝ Թուրքիա մտնելու արգելքին և հույս է հայտնել, որ իր հանդիպումը կնպաստի խնդրի լուծմանը:

Հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների մուտքը Թուրքիա արգելվել է Երևանում նախորդ շաբաթ «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողի բացման պատճառով: Թուրքական իշխանություններին դուր չի եկել, որ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցից մեկ օր անց՝ ապրիլի 25-ին, ևս մեկ անգամ հիշատակվել է երիտթուրքերի կողմից կատարված ոճրագործությունը:

Թուրքական լրատվամիջոցներին տված ասուլիսի ժամանակ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահը կարծես արդարացել է՝ ասելով, թե հուշակոթողի տեղադրումը եղել է Երևանի ավագանու որոշմամբ, և ինքը չի ցանկանում, որ հուշակոթողի տեղադրումը Թուրքիայում ընկալվի որպես Հայաստանի արտաքին քաղաքականության դրսևորում կամ ոչ բարիդրացիական քայլ:

« Պետք է հասկանանք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառներ գտնել հարաբերությունները վատացնելու: Ես էլ կարող էի հազար պատճառ գտնել Թուրքիա չժամանելու համար, բայց ես այստեղ եմ, որ թուրք հասարակությանն ասեմ՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության և հարաբերությունների կարգավորման՝ առանց նախապայմանների»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է Երևանի Օղակաձև զբոսայգում: Բացման արարողությանը մասնակցել էր նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Պաշտոնական Անկարան հուշակոթողի բացման արարողոթյունից երկու օր անց՝ ապրիլի 27-ին, դատապարտել էր հուշակոթողի տեղադրումը և անվանել այն սադրիչ գործողություն:
Այս հայտարարությունից երկու օր անց Թուրքիան դիմեց կոշտ քայլերի. նա առանց տեղեկացնելու՝ չեղարկել էր հայկական Flyone Armenia ավիաընկերությանը տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու համար:

Թուրքիայի արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել էր նաև, եթե հուշակոթողը չհանվի, ապա բացի օդային սահմանները փակելուց, այլ միջոցներ էլ կձեռնարկվեն Հայաստանի դեմ։

Թուրք բարձրաստիճան պաշտոնյան նաև հայտնել էր, որ բացառության կարգով թույլատրել են Հայաստանի Ազգային ժողովի նախագահի օդանավի թռիչքը իրենց երկիր, քանի որ նա պետք է մասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովին