Ալեն Սիմոնյանը թող գա այստեղ ու հայկական եկեղեցին տեսնի. Գնդապետ Միհրան Մախսուդյան
04 Ապրիլի 2024, 18:00
Alpha News-ի նկարահանող խումբը եղել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում եւ ֆիքսել այն տարածքները, որոնք կարող են հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած սցենարով տեղի ունենա սահմանների ճշգրտում:
Փաշինյանը երկու շաբաթ առաջ Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար և Բաղանիս գյուղեր այցի ժամանակ ասել էր, որ պատերազմ չսկսվելու համար Կառավարությունը որոշել է Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում սահմանազատում սկսել: Հենց այդ տարածքով են անցնում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ Ներքին Ոսկեպարը, Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին եւ Ղըզըլհաջիլիին: Այս գյուղերը անմարդաբնակ են, գտնվում են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջեւ:
Փաշինյանը շեշտել էր, որ Ադրբեջանի հետ սահմանի ճշգրտում են անում ոչ միայն հանուն Հայաստանի, այլեւ հանուն Ոսկեպարի եւ մյուս գյուղերի անվտանգության ապահովման:
Alpha News-ը զրուցել է Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի հետ՝ պարզելու, թե արդյոք այդ գյուղերը հակառակորդի վերահսկողության տակ անցնելու դեպքում անվտանգ կլինեն Ոսկեպարն ու հարակից գյուղերը, թե հակառակը՝ հայկական բնակավայրերը կհայտնվեն հակառակորդի նշանառության տակ:
Միհրան Մախսուդյանը շեշտել է, որ եթե 4 գյուղերը հանձնվեն Ադրբեջանին, հայկական կողմը ահռելի տարածքային կորուստներ է ունենալու, զիջվելու է նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, գյուղերը հայտնվելու են հակառակորդի վերահսկողության տակ:
«Եթե կորցնենք այդ գյուղերը՝ կկորցնենք Հայաստանի Հանրապետությունը: Դրանք մեզ համար դարպաս են: Սա միայն ոսկեպարցու խնդիրը չէ, սա հայ ժողովրդի խնդիրն է, սա մեր պետականությունը պահելու խնդիրն է: Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը թվագրվում է 7-րդ դարին, հիմա մեր վերահսկողության տակ է, եթե Ներքին Ոսկեպարը փոխանցվի նրանց, մենք կկորցնենք եկեղեցին: ԱԺ նախագահն ասում է՝ մարդ եմ փնտրում, որը կապացուցի՝ այդ գյուղերը մերն են, ես էլ ասում եմ՝ Ալեն Սիմոնյանը թող գա մեր գյուղ ու տեսնի այս եկեղեցին, բացի այդ, Ներքին Ոսկեպարում հայկական գերեզմանոց կա, որը նույնպես մի քանի հարյուր տարվա պատմություն ունի»,- ասաց Միհրան Մախսուդյանը:
Եթե Ներքին Ոսկեպարն անցի Ադրբեջանի վերահսկողության տակ, Ոսկեպարը նշանառության տակ է հայտնվելու: Գյուղի դպրոցը՝ եւս:
«Այն մարդիկ, որոնք հայտարարում են, թե վտանգ չի սպառնալու ոսկեպարցիներին, թող իրենց ընտանիքներով գան ու մեր հետ ապրեն՝ թուրքի հարեւանությամբ: Գուցե էդ դեպքում ոսկեպարցիները համակերպվեն էստեղ ապրելուն»,- ասաց Միհրան Մախսուդյանը՝ վստահեցնելով, որ չեն նահանջելու եւ չեն համակերպվելու, որ ադրբեջանցիները նստեն իրենց գյուղի գլխին:
Հիշեցնենք՝ Փաշինյանը մարտի 18-ին այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս եւ Կիրանց գյուղեր եւ բնակիչների հետ զրույցում ասել, որ սահմանազատման եւ սահմանագծման իրական գործընթացը կարող են սկսել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում, որի տարածքով են անցնում Ադրբեջանի պահանջած գյուղերը: Դրանք են՝ Ներքին Ոսկեպարը, Բաղանիս Այրումը, Խեյրիմլիին եւ Ղըզըլհաջիլիին: Այս գյուղերը անմարդաբնակ են եւ գտնվում են Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերի միջեւ:
Մանրամասները՝ տեսանյութում: