Քանի դեռ Հայաստանը չի կատարել Ադրբեջանի պայմանները, Բաքուն կհրաժարվի խաղաղության պայմանագրի ստորագրումից. Ալեքսանդր Կռիլով
04 Սեպտեմբերի 2024, 21:41
Պատմական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԷՄՕ գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները։
«Բանակցությունները շարունակվում են, այլ բան է, որ դրանց արդյունքները շատ համեստ են։ Բայց, չնայած դրան, հայկական կողմը պնդում է, որ այժմ Ադրբեջանի հետ անմիջականորեն երկկողմ բանակցությունների այս ձևաչափն ամենաարդյունավետն է։ Միջնորդներ պետք չեն, ոչ միայն ռուսական, այլև արևմտյան։ Տեսնենք, թե ի վերջո ուր կհանգեցնեն երկկողմ ձևաչափով այս բանակցությունները»,- ասել է Կռիլովը։
Փորձագետի խոսքով, քանի դեռ հայկական կողմը չի կատարել Ադրբեջանի պայմանները, Ադրբեջանը կհրաժարվի ցանկացած պայմանով հաշտության պայմանագիր կնքելուց։
«Ադրբեջանական կողմը խաղաղության պայմանագիր կնքելուց առաջ մի քանի պայման է առաջադրում, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, որոնք ենթադրում են հանրաքվեի անցկացում: Անհասկանալի է նաև, թե որքանով կհաջողվի այս հանրաքվեն։ Ուստի այստեղ կարելի է ասել, որ բանակցությունները շարունակվում են, բայց դանդաղ տեմպերով։ Քանի դեռ հայկական կողմը չի կատարել Ադրբեջանի պայմանները, Ադրբեջանը կհրաժարվի ցանկացած պայմանով հաշտության պայմանագիր ստորագրելուց»,- նշել է Կռիլովը։
Ինչ վերաբերում է ռուսական միջնորդությանը, փորձագետի կարծիքով՝ սա Հայաստանի ղեկավարության և այս ղեկավարությանը ընտրող հայերի խնդիրն է:
«Եթե կարծում են, որ դա համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին, Ռուսաստանը այստեղ դրական դեր չի խաղում, և նույնիսկ հակառակը, ինչպես հայտարարել են Հայաստանի ղեկավարության շատ ներկայացուցիչներ, ապա կա ազատ կամք։ Հայաստանն անկախ պետություն է, նա ազատ է իր միջնորդներին ընտրելու հարցում»,- եզրափակել է Կռիլովը: