Պատմության մեջ առաջին անգամ Էրդողանը բացահայտ խոստովանեց, որ Թուրքիան կռվել է Արցախում․ Ալեքսանդր Լապշին

29 Հուլիսի 2024, 23:08

Քաղաքականություն

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Alpha News-ի եթերում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես Ղարաբաղ և Լիբիա։

Նրա խոսքով՝ Թուրքիան Գազայում արմատական իսլամիստների՝ ՀԱՄԱՍ-ի գլխավոր կողմնակիցն է և աջակցում է լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպությանը:

«Նրան (Էրդողանին) դուր չի գալիս, որ Իսրայելն ասել է՝ կոշտ պատասխան հարված կհասցնի Լիբանանում «Հեզբոլլահին» և, հնարավոր է, հարվածներ հասցվի երկրի մայրաքաղաք Բեյրութին, որտեղ գտնվում է «Հեզբոլլահի» կենտրոնական շտաբը, զենքի հիմնական պահեստները, միջազգային օդանավակայանները, և այնտեղ, ըստ էության, գտնվում է Իսրայելի դեմ «պատերազմի կառավարման կենտրոնը»։

Էրդողանն Իսրայելին սպառնաց ներխուժմամբ, ինչպես Արցախում և Լիբիայում։ Անիմաստ է նույնիսկ մեկնաբանել, թե որքան անհեթեթ են Էրդողանի հայտարարությունները, քանի որ այստեղից մինչև Թուրքիա ուղիղ գծով առնվազն 700 կմ է, իսկ Իսրայել հասնելու համար Թուրքիան պետք է գրավի ողջ Սիրիան և ամբողջ Լիբանանը։

Հիշեցնեմ, որ Սիրիան տասնամյակներ շարունակ պատերազմ է մղում հյուսիսային շրջաններում քրդերի հետ՝ երբեմն հաջողությամբ: Այսինքն՝ Թուրքիային չի հաջողվել նույնիսկ իր սահմանային հարցերը լուծել»,- նշել է նա։

Բնականաբար, ըստ Լապշինի, հնարավոր չէ նոր ճակատ բացել Իսրայելի հետ՝ հաշվի առնելով, որ Իսրայելի ռազմական ներուժը կա՛մ հավասար է, կա՛մ գերազանցում է Թուրքիային, և բացի այդ, նա ունի միջուկային զենք։

«Նման սպառնալիքները, հատկապես ՆԱՏՕ-ի անդամ երկրի նախագահի կողմից մեկ այլ երկրի՝ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ամենակարևոր դաշնակցի հասցեին, պարզապես չեն տեղավորվում ողջախոհության շրջանակներում։ Դա անիրատեսական է։ Կարծես իսկական ծաղրածու լինի: Ինչո՞ւ է դա անում Էրդողանը»,- նշել է նա՝ հավելելով, որ երկու պատճառ կարող է լինել դրա համար:

Նախ, ըստ Լապշինի, շատ վաղուց քաղցկեղի դեմ բուժվող Էրդողանի հիվանդությունը կարող է ազդել նրա մտավոր ունակությունների վրա: Երկրորդը՝ Էրդողանն աշխատում է ներքին լսարանի համար, որն «ամենայն լրջությամբ է ընկալում այդ բոլոր հիմարությունները»:

«Հայաստանի համար սա նշանակում է հետևյալը. պատմության մեջ առաջին անգամ Թուրքիայի նախագահը բացահայտ խոստովանեց, որ Թուրքիան գրավել է Արցախը, կռվել է Արցախում հայկական ԶՈւ-ի դեմ, չնայած որ միշտ հերքել է իր մասնակցությունը 44-օրյա պատերազմին: Դա հայտարարում էր նաև Ադրբեջանը՝ վստահեցնելով, որ ադրբեջանական զորքերն ինքնուրույն էին կռվում՝ առանց Մերձավոր Արևելքի վարձկանների և, առավել ևս, թուրքական բանակի մասնակցության։ Բայց մենք միշտ գիտեինք, որ թուրքերը կռվել են, և այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանն ինքն այդ խոստովանությունն արեց։ Պատկերացնում եմ, թե որքան անհարմար են իրենց զգում այս իրավիճակում ադրբեջանցի քարոզիչները և նախագահ Ալիևը»,- եզրափակել է Լապշինը։