Ալեքսանդր Մյասնիկյան. Նշանավոր հայ ռազմական ու պետական գործիչը
09 Փետրվարի 2025, 22:16
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Փետրվարի 9-ը հեղափոխական և ականավոր կուսակցական ու պետական գործիչ Ալեքսանդր Մյասնիկովի (Մյասնիկյան) ծննդյան օրն է:
Ալեքսանդր Մյասնիկյանը ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում։ Նա ոչ միայն քաղաքական և ռազմական գործիչ էր, այլև գրականագետ։ Նրա հեղափոխական և գրական ծածկանունը եղել է Մարտունի։ Սովորել է Լազարյան ճեմարանում, այնուհետև Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
1905 թվականին Մյասնիկյանն ակտիվորեն մասնակցել է համառուսաստանյան հոկտեմբերյան գործադուլին և դեկտեմբերյան զինված ապստամբությանը։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո դարձել է ռազմաճակատի զինվորական կոմիտեի անդամ, ստեղծել բոլշևիկյան ինքնուրույն կազմակերպություն:
Նա կուսակցական-վարչական գործունեություն է ծավալել Բելառուսում՝ զբաղեցնելով կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնը։ Եղել է նաև Մոսկվայի քաղաքային և նահանգային կոմիտեների առաջին քարտուղարը: Երբ Կարմիր բանակը գրավել է Երևանը, և Կասյանի գլխավորած հեղափոխական կոմիտեն կորցրել է իր ազդեցությունը, նրան Մոսկվայից ուղարկել են Կովկաս։
Ստանձնելով Խորհրդային Հայաստանի կառավարության ղեկը՝ Ալեքսանդր Մյասնիկյանը մեծ ջանքեր է գործադրել երկրի տնտեսությունը վերականգնելու, արևմտահայ փախստականներին հայրենադարձելու և երկրում կայունություն հաստատելու համար։ Նա աշխատել է հայ մտավորականությանը Հայաստանում միավորելու և ստեղծագործական աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Այս կապակցությամբ նա պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և այլոց:
Մյասնիկյանը մեր այն վարչապետների թվում է, որոնք սերտորեն կապված էին ժողովրդին և նրա ստեղծած գիր ու գրականությանը: Նա խմբագրել է շուրջ տաս անուն թերթ, մտերիմ է եղել Չարենցի և այլ անվանի մտավորականների հետ, գրել է գրականագիտական մի շարք հոդվածներ:
Մյասնիկյանը զոհվել է 1925 թվականի մարտի 22-ին Թիֆլիսի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի ժամանակ։ Թաղված է Թբիլիսիում՝ Կոմունարների այգում՝ ավիավթարի հետևանքով զոհվածների հետ։
Մյասնիկյանի անունով Երևանում պողոտա և հրապարակ կա, որտեղ տեղադրված է նաև նրա հուշարձանը: Մյասնիկյանի անունով են կոչվել Մինսկի վագոնանորոգման գործարանը (1932թ.), որի բակում տեղադրված է նրա հուշարձանը, նաև հրապարակ և փողոց, Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքը, Մարտունի գյուղը, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղը, Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքը, Վրաստանի Մյասնիկյանի գյուղը, Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկովի շրջանը: Երևանի Մյասնիկյանի անվան հրապարակում էլ տեղադրված է նրա հուշարձանը։