Ալիև-Զելենսկի հանդիպումը բովանդակությամբ դատարկ էր. Վլադիմիր Օլեյնիկ

20 Փետրվարի 2024, 00:08

Կարծիք | Քաղաքականություն

«Այլ Ուկրաինա» շարժման անդամ Վլադիմիր Օլեյնիկը Alpha News-ին մեկնաբանել է Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

Փորձագետի կարծիքով՝ Ալիև-Զելենսկի հանդիպումը բովանդակությամբ դատարկ էր, բայց բավականին վտանգավոր՝ եվրոպական քաղաքականության տեսանկյունից։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի վերաբերյալ Ալիևի հայտարարությանը Ռուսաստանի կողմից արձագանք չի լինի:

«Երբեմն Ռուսաստանը բավականին հանդուրժող է նման հայտարարություններին ՝ հիմնվելով առաջին հերթին փաստացի հարաբերությունների վրա։ Իսկ Ադրբեջանի և Ռուսաստանի փաստացի հարաբերությունները վատը չեն։ Ես չգիտեմ, թե արդյոք նման հայտարարությունները հետագայում կմեկնաբանվեն այլ նախագծերում, օրինակ ՝ ՆԱՏՕ-ում, բայց առայժմ Ադրբեջանում լռում են և չեն խոսում այն մասին, որ ցանկանում են դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ Թեև նրանց ամենամոտ դաշնակիցը Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։

Ուստի այստեղ Ռուսաստանի համար հայտարարություններն այնքան կարևոր չեն, որքան գործերը։ Քաղաքականության մեջ շատ հայտարարություններ չեն համընկնում այն գործողությունների հետ, որոնք անում են երկրների ղեկավարները։ Ալիևն այժմ զգում է ուժ ու աջակցություն։ Իսկ ահա Փաշինյանը նման աջակցություն, նույն Ֆրանսիայի կողմից, ցավոք, չունի», — ասել է Օլեյնիկը։

Նա նաև նշել է, որ այսօր հակամարտությունը ոչ թե Ուկրաինայի և Ռուսաստանի, այլ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև է։

«Եվ հասկանալի է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանն այս հակամարտությունում չեն կարող հանդես գալ որպես կողմ, որն իր վրա կվերցնի խաղաղության պայմանագրի ստորագրման ինչ-որ երաշխիքներ», — եզրափակել է Օլեյնիկը։