Ալիևի հաջորդ պահանջը լինելու է Սյունիքը, և ներկայիս վարչախումբը չի կարողանալու դիմադրել. Տեր Սերոբ քահանա Ազարյան
29 Դեկտեմբերի 2025, 21:00
Alpha News-ի հետ զրույցում Տեր Սերոբ քահանա Ազարյանն անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումներին և հայ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքներին:
Տեր Սերոբի պնդմամբ՝ դարեր շարունակ թուրքերն ու ադրբեջանցիները միլիոններ են ծախսել հայ եկեղեցին քանդելու և հային իսլամացնելու համար, սակայն ձախողվել են. «Այսօր այդ գործն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը»:
Նրա խոսքով՝ Փաշինյանը ծախում է Հայաստանը: «Այս մարդը և իր կողքին կանգնած մի խումբ անձինքն ծախված են: Կուզենայի հասկանալ՝ որտե՞ղ է նրանց հայրենասիրությունը»,- ասել է քահանան:
Տեր Սերոբ քահանա Ազարյանը կասկածի տակ է դրել իշխանությունների «սուրբ» ձևանալու փորձերը՝ հիշեցնելով, որ հայրենիքը կործանած և եկեղեցու դեմ պայքարող մարդը չի կարող հոգևոր արժեքներից խոսել։ «Եթե մեկն ասում է՝ ես քեզնից սուրբ եմ, նա նախևառաջ քրիստոնյա չէ»,- ընդգծել է նա։
Խոսելով «խաղաղության դարաշրջանի» մասին՝ հոգևորականը կոչ է արել չխաբվել։ Նա նշել է, որ Ալիևի հաջորդ պահանջը լինելու է Սյունիքը, և ներկայիս վարչախումբը չի կարողանալու դիմադրել։ «Եթե վաղը ասեն՝ պետք է այբուբենը փոխել, փոխելո՞ւ եք: Մյուս օրն էլ կասեն՝ իսլամ ընդունեք: Ուրեմն, ավելի լավ է, հայ չմնաք»,- նշել է հոգևորականը:
Տեր Սերոբ քահանա Ազարյանը սթափության կոչ է արել և նշել՝ ժամանակն է դառնալու իսկական հայ և քրիստոնյա, պահելու հայի պատիվն ու թասիբը:
Մանրամասները՝ տեսանյութում: