Ալիևի համար այդ մարդկանց ձերբակալելն բանակցային խաղաքարտ է. Անդրեյ Չուպրիգին
05 Հոկտեմբերի 2023, 21:20
Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի, համաշխարային տնտեսության ու քաղաքականության ավագ դասախոս, Միջազգային գործերով ռուսական խորհրդի փորձագետ Անդրեյ Չուպրիգինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ադրբեջանական իշխանությունների կողմից Ղարաբաղի հայերի ձերբակալությունները:
«Այն, որ Ադրբեջանը բոլոր ձերբակալվածներին ահաբեկիչներ է անվանում, միանգամայն հասկանալի է, դա շատ հարմար խարան է, ահաբեկիչ է անվանել և կարող է 15 տարով ազատազրկել: Ադրբեջանցիների համար կարևոր է մեկ փաստ. մոռացնել տալ չճանաչված Արցախի հետ կապված ամբողջ պատմությունը, նրանք իր տարածքում պատերազմ են կազմակերպել, դրա համար էլ` ահաբեկիչներ են։ Դրա հետ կարելի է վիճել և, բնականաբար, դրա հետ պետք է վիճել։ Բայց սա այն կանխադրույթն է, որի մեջ մտել է Ադրբեջանը, եւ Ալիեւը պատրաստվում է այն մինչեւ հաղթական ավարտը հասցնել կամ էլ Ալիեւը բանակցային դիրքորոշում է ձեւավորում», — ասել է Չուպրիգինը։
Խոսելով այն մասին, թե ինչու Ռուսաստանը չի արձագանքում՝ փորձագետն ասաց, որ արձագանքները կարող են տարբեր լինել:
«Եթե Ռուսաստանը բարձրաձայն չի հայտարարում իր բողոքներն այդ կապակցությամբ, դա չի նշանակում, որ նա չի արձագանքում։ Ես կասկածներ ունեմ, որ այնտեղ ոչ պաշտոնական բնույթի որոշակի բանակցություններ են ընթանում», — նշել է նա։
Փորձագետի կարծիքով՝ Ալիևի համար այդ մարդկանց ձերբակալելն, իրականում, բանակցային հնարք է։ «Ալիևը շատ լավ հասկանում է, որ այն, որ իրենք հետ են վերցրել Լեռնային Ղարաբաղը, գործընթացի վերջը չէ, այլ գրեթե սկզբի կեսն է։ Ալիեւին անհրաժեշտ է, որ բոլոր հարեւանները՝ մոտ եւ հեռու, ընդունեն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության փաստը եւ դադարեն այդ կապակցությամբ հիստերիա բարձրացնել», — նշել է Չուպրիգինը։
Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանն այժմ շատ բարդ դիրքում է։
«Մի կողմից, Ռուսաստանի համար շատ կարևոր են Ադրբեջանի հետ հարաբերությունները, դա ռազմավարական կարևոր պատմություն է։ Մյուս կողմից, Հայաստանը նույնպես, Ռուսաստանի բնական դաշնակիցն է։ Այնքան էլ հեշտ չէ միանգամից ճիշտ դիրքորոշում ձևավորել այս հարցի շուրջ, որպեսզի գործն էլ անենք և, ընդհանուր առմամբ, չկորցնենք մեր դիրքերն այս գործընթացում։ Տեսնում եք, որ Ալիևը գոհ է՝ Գրանադայում պետք է խորհրդակցություն անցկացվեր, բայց Ալիևը չեկավ, որովհետև Թուրքիային չէին հրավիրել, իսկ Թուրքիային չէին հրավիրել, որովհետև Ֆրանսիան ու Գերմանիան թույլ չտվեցին։ Ղարաբաղը խլեցին, բայց պարզվեց, որ դա դեռ վերջը չէ, պետք է այդ գործն այնպես ձևակերպել, որ բոլորը հանգստանան։
Տեսնենք, ես չեմ կարծում, որ Ռուսաստանը մի կողմ քաշված կմնա։ Ռուսաստանի համար շատ կարևոր է պահպանել միջնորդի իր բնական դիրքերը և, ընդհանուր առմամբ, իր ազդեցիկ ուժերը Կովկասի տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով, Ռուսաստանը մի կողմ չի քաշվում։ Ռուսաստանն այսօր, ինձ թվում է, գտնվում է հենց այդ դիրքորոշման ձևավորման գործընթացում», — եզրափակել է փորձագետը։