Ալիևի համար ընտրությունները լավագույն միջոցն էր՝ հերթական անգամ ամրագրելու իր իշխանությունը․ Գառնիկ Դավթյան

18 Դեկտեմբերի 2023, 22:00

Կարծիք | Քաղաքականություն

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը Alpha News-ի ուղիղ եթերում այն կարծիքն է հայտնել, որ Իլհամ Ալիևին արցախյան վերջին դեպքերից հետո ունեցած բարձր աջակցությունն է դրդել գնալ արտահերթ ընտրությունների․

« 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո և այս տարվա սեպտեմբերի 19-ի՝ Արցախի էթնիկ զտման և ամբողջ Արցախը օկուպացնելուց հետո Ադրբեջանում Իլհամ Ալիևը ուներ ներքաղաքական գերբարձր աջակցություն և նաև ինչու չէ, ռեյտինգ, որը բնականաբար ազդելու է հետագայում իր քաղաքական առումով Ադրբեջանում զարգացումների վրա։ Հետևաբար, սպասել ևս մեկ տարի, այն էլ Հարավային Կովկասում՝ չիմանալով, թե մեկ ամիս հետո ինչպիսի զարգացումներ կլինեն, ոչ մարտավարական կլիներ Ադրբեջանի բռնապետի կողմից։ Փաստացի օգտագործելով՝ այս 2 պատերազմի ֆոնը և Ադրբեջանի հաղթանակը,ունենալով բարձր աջակցություն, նպաստեցին Իլհամ Ալիևի վերջնական գնալ և արտահերթ ընտրություններ անցկացնել»,- ասել է ադրբեջանագետը։

Դավթյանի կարծիքով՝ ընտրությունները Ալիևի իշխանությունն ամրագրելու ձև է․

«2025թ․ լրանում է ռուս խաղաղապահների առաքելությունը Արցախի Հանրապետությունում և կարիք կար, որ մինչև խաղաղապահ առաքելության ժամկետի լրացումը Իլհամ Ալիևը ներքաղաքական հատվածում ունենար քաղաքական առումով կայունություն։ Բնականաբար, ընտրությունները լավագույն միջոցն էր՝ հերթական անգամ ամրագրելու իր իշխանությունը և իր արտաքին քաղաքականության մասով ունենար հստակություններ»,- նշել է Գառնիկ Դավթյանը։

Ադրբեջանագետի համոզմամբ՝ ընտրություններ անցկացնելը չեն կանգնեցնի կամ երկարաձգի խաղաղության պայմանագիրը ստորագրելուն․

«Հաշվի առնելով Ադրբեջանի շտապողականությունը խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համատեքստում՝ չեմ կարծում, որ ընտրությունները կարող են Ադրբեջանի համար պատրվակ կամ խոչընդոտ լինել պայմանագրի համար։ Այդ խաղաղություն կոչվածն առաջին հերթին հենց Ադրբեջանին է հարկավոր, որպեսզի կարողանա Հայաստանի վրա նոր պահանջներ բանեցնել ու ստանա թե տարածքային, թե քաղաքական առումով առավելություններ։

Ադրբեջանում արտահերթ ընտրությունները,որպես այդպիսին, արդեն կարծես թե սովորություն են դարձել ոչ միայն նախագահական, նաև խորհդարանական և ՏԻՄ ընտրությունների դեպքում։ Պնդել, որ սրանք նորություն էին կամ Իլհամ Ալիևը անակնկալի բերեց ընդդիմությանը, չէի ասի, որովհետև ընդդիմությունը գրեթե սովորել է, որ յուրաքանչյուր ընտրություններից մի քանի ամիս կամ մեկ տարի առաջ,լինում է նման շախմատային քայլ, որը իր հերթին ստեղծում է որոշակի դժվարություններ Ադրբեջանի ներքաղաքական հարցերում»,- ընդգծել է Գառնիկ Դավթյանը։