Ալիևի հայտարարությունը չի տեղավորվում խաղաղության նարատիվի մեջ. Միրզոյան
05 Նոյեմբերի 2025, 11:56
Բաքվից կառուցողական քայլերը շարունակվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ Ալիևը Սևանա լիճն անվանում է Գյոյչա, որքանո՞վ է դա տեղավորվում խաղաղության օրակարգի մեջ, Արարատ Միրզոյանը նկատել է. «Չի տեղավորվում, բայց մի ճշտմամբ. Ես չեմ ուզում ոչ մեկի փաստաբանությունն անել, բայց ձեւակերպումը այսպիսին էր՝ ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոյչա։ Չեմ կարծում, որ Ալիևն ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոյչա։ Բայց միևնույն է՝ ամենակառուցողական ձևակերպումը չի, իսկապես չէինք ասի, որ սա տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ։ Ես էլ կարող եմ ասել, որ կան ցարական շրջանի բազմաթիվ քթարտեզներ, որտեղ կա Սևան։ Չեմ էլ ուզում շատ հետ գնալ պատմության մեջ, որովհետեւ շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվել և հայկական տեղանուններ տեսնել մի քիչ ավելի լայն տարածքի վրա: Եկեք խոսենք իրական Հայաստանի, իրական այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին»: