Ալիևի կեցվածքը հետագայում կարող է թանկ նստել Բաքվի վրա. Ալեն Ղևոնդյան
24 Դեկտեմբերի 2025, 20:30
Alpha News-ի եթերում քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարած այցին, հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությանը Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովին:
Ըստ Ղևոնդյանի՝ առանձնազրույցների պաշտոնական ռելիզները հուշում են, որ քննարկումների առանցքում եղել են լոգիստիկ հարցերն ու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչը սերտորեն կապված է ամերիկյան նոր վարչակազմի հնարավոր նախագծերի հետ։
«Խոսակցության ընդհանուր շրջանակը կապված է եղել «Թրամփի ուղի» նախագծի հետ: Սա ենթադրվում է, որ քննարկվել են ամենատարբեր լոգիստիկ հարցադրումներ: Իզուր չէ, որ ռուսական կողմը հայտարարում է Մեղրիի հատվածի երկաթուղային սեգմենտի մասին, որը պատկանում է ռուսական կազմակերպությանը»,- նշել է քաղաքագետը:
Նրա խոսքով՝ Մոսկվայում չեն մոռացել հայ-ադրբեջանական օրակարգում Նիկոլ Փաշինյանի կողմից ռուսական միջնորդության մերժումը։ «Մոսկվայում չեն մոռացել, ամեն ինչ տեսնում են։ Հայաստանի գործող վարչապետը հաճախ ասում է ինչ-որ բաներ, խոստումներ է տալիս, հետո ոչ հեռու ապագայում գնում է այլ հարթակներում, այլ սուբյեկտների հետ, այդ թվում՝ արևմտյան, լիովին այլ բաներ խոսում»,- նկատել է Ղևոնդյանը:
Խոսելով Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովին Ալիևի բացակայության մասին՝ նա նշել է, որ դա ինքնահաստատման փորձ էր և դիվանագիտական դեմարշ։
«Ալիևն ուզում է ցույց տալ, որ «ուժեղ տղա» է և ինքն է որոշում՝ գնալ, թե՝ ոչ: Նա ասում է՝ քանի որ դուք էլ (Ռուսաստանը) որոշակի կախվածություն ունեք Եվրոպա գազի վաճառքից, ես ինքս կորոշեմ՝ գալ, թե չգալ»,- ասել է քաղաքագետը:
Ըստ նրա՝ Ալիևի նման կեցվածքը հետագայում կարող է թանկ նստել Բաքվի վրա. «Մոսկվան կարող է երկար համբերել, բայց ի վերջո պրոցեսները կարող են այնպես շրջվել, որ շահերի սպասարկումը լինի ոչ թե Բաքվի, այլ Մոսկվայի օգտին»:
Մանրամասները՝ տեսանյութում: