Ալիևի մոտ ձևավորվել է ընկալում, կարող է շատ ավելին ստանալ. Հերմինե Մխիթարյան
04 Հոկտեմբերի 2023, 22:30
Ալիևի մոտ այսօր ձևավորվել է ընկալում, որ իրենք կարող են շատ ավելին ստանալ և իրենք նորից փորձում են մանևրելով գնալ դեպի բանակցային նոր գործընթաց։
Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը։
«Ես հակված եմ այն մոտեցմանը, որ Գրանադայում Ալիևի՝ հանդիպումից հրաժարվելուց հետո են ՀՀ իշխանությունները հանգիստ խոսում, որ իրենք պատրաստ էին ցանկացած ձևով ստորագրել պայմանագիրը։ Մյուս կողմից, մենք այսօր ունենք բավականին անհամաչափ ու վտանգավոր իրավիճակ՝ կախված նրանից, որ այո՛, Հայաստանի իշխանությունները պատրաստ են զիջողականության։ Հայաստանի գործող իշխանությունը ամեն գնով պատրաստ է հասնել այդ խաղաղության պայմանագրին, իսկ Ալիևի մոտ արդեն ձևավորվել է այնպիսի տպավորություն, որ հնարավոր է շատ ավելին, քան անգամ, օրինակ, մեկ ամիս առաջ կարող է բանակցված լինել։
Ադրբեջանական կողմը հիմնավորումներ ներկայացրեց, թե ինչու են հրաժարվել, խոսքը, մասնավորապես, իրենց խոսքով, Ֆրանսիայի ապակառուցողականությանն էր վերաբերում և Թուրքիային մասնակից չդարձնելուն»,- նշել է Մխիթարյանը։
Բանախոսի համոզմամբ՝ սրանք որպես պաշտոնական կամ հանրայնացվող հիմնավորումներն են, մինչդեռ իրականությունն ավելի խորքային է․
«Ալիևի մոտ այսօր ձևավորվել է ընկալում, որ իրենք կարող են շատ ավելին ստանալ և իրենք նորից փորձում են մանևրելով գնալ դեպի բանակցային նոր գործընթաց։ Այսօր սահմանային բավականին լարված իրավիճակ ունենք, աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ ենք դարձել ու ուժային կենտրոնների դիրքորոշումներն էլ կարևոր են, բայց այն, ինչ անում է Ադրբեջանը, առավել քան ակնհայտ ու հստակ է։ Ինքը փորձում է ստանալ ավելին, գիտի, որ կարող ու փորձում է ավելին ստանալ դա»,- նշել է Հերմինե Մխիթարյանը։
Նրա կարծիքով՝ եթե ամիսներ առաջ Ադրբեջանը հնարավոր է բավարարվեր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով», այսօր դժվար թե սահմանափակվի միայն դրանով․
««Զանգեզուրի միջանցքի» մասին իրենք խոսում են ավելի վաղուց։ Հակված եմ կարծելու, որ Ալիևի ախորժակը այսօր չի սահմանափակվում այդ միջանցքով կամ դրա կարգավիճակով, տարածքով, իրենց առջև դրված խնդիրները բազմապատկվում են՝ դատելով նրանից, որ դիմացի կողմը որևէ կերպ սեփական շահերը չի պաշտպանում»,- եզրափակել է փորձագետը։