Ալիևին անհրաժեշտ է Արցախի ղեկավարության ցուցմունքները Հայաստանի դեմ դատավարությունների համար
05 Հոկտեմբերի 2023, 23:20
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
Հայոց պետականության «ազատ անկումը» ուղիղ եթերում շարունակվում է: Այս գործընթացի ամենավառ դրսեւորումներից են Արցախի Հանրապետության նախկին ղեկավարների դատավարությունները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում։
Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և պետական անվտանգության ծառայությունը հայտնել են, որ Արցախի Հանրապետության 4-րդ նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում։ Մեծ ափսոսանքով պետք է փաստենք, որ Հայաստանում Արցախի նախկին ղեկավարության ձերբակալության մասին քննարկումները հիմնականում սահմանափակվում են հարցի բարոյական կողմով: Ոմանք ասում են, որ Արայիկ Հարությունյանն արժանի է նման պատժի, քանի որ 2018 թվականից հետևողականորեն իրականացնում էր Նիկոլ Փաշինյանի ծրագրերն Արցախում, մյուսներն ասում են, որ «չնայած այս ամենին, դժվար է նայել Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից ձերբակալված Հարությունյանին»։ Սակայն, տեղի ունեցածի քաղաքական բաղադրիչը գործնականում չի քննարկվում։
Ադրբեջանին անհրաժեշտ են ցուցադրական դատավարություններ Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, նախ և առաջ Արցախի ղեկավարությունից ցուցմունք կորզելու համար այն մասին, որ Արցախի պետականության ձևավորումը հիմնված է եղել Երևանի քաղաքական կամքի և համակողմանի աջակցության վրա: Ցուցմունքներ այն մասին, որ ՀՀ՝ տարբեր տարիների ղեկավարությունը մասնակցել է Արցախում տեղի ունեցող բոլոր գործընթացներին՝ պետական իշխանության մարմինների ձևավորումից մինչև Պաշտպանության բանակի ձևավորում և գործունեությունը։ Իլհամ Ալիևի վարչակարգին անհրաժեշտ են ապացույցներ, որոնք վկայում են Երևանի անմիջական մասնակցության մասին Արցախի պաշտպանության բանակի մարտունակության ապահովման գործում, որը հետագայում կներկայացվի՝ որպես «Հայաստանի կողմից «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում» ահաբեկչության և ռազմական հանցագործությունների հովանավորություն»։
Սա իր հերթին, իրավական հիմք կստեղծի Հայաստանի դեմ Միջազգային քրեական դատարան հայցեր ներկայացնելու համար՝ հայցեր՝ կապված ինչպես «փոխհատուցումների և վնասների» վճարման, այնպես էլ Հայաստանից որոշ քաղաքական ու ռազմական գործիչների արտահանձնման պահանջների հետ՝ Հայաստանի այն ռազմաքաղաքական ղեկավարների, ովքեր մասնակցել են ու ովքեր աջակցել են Արցախի Հանրապետության ստեղծմանը։ Հերթական անգամ նշենք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությունն անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը հավաքի տվյալներ, որոնք հնարավորություն կտան Հայաստանը ներկայացնել՝ որպես ագրեսոր, ահաբեկչության հովանավոր երկիր։
Ադրբեջանական լրատվամիջոցները չեն էլ թաքցնում, որ գործընթացը կզարգանա հենց այս սցենարով։ Ավելին, բացահայտ ասվում է, որ «եթե Հայաստանը չկարողանա փոխհատուցում վճարել (իսկ խոսքը տասնյակ միլիարդավոր դոլարների մասին է), ապա Ադրբեջանը օրինական իրավունք կունենա «վերականգնել իր կորուստները»՝ զավթելով Հայաստանի տարածքները»։
Որպեսզի Ադրբեջանը հասնի իր մտադրություններին, անհրաժեշտ է, որ ոչնչացվի Հայաստանի անվտանգության ողջ համակարգը, իսկ Մոսկվայի և Թեհրանի հետ Երևանի հարաբերությունները հասնեն բացահայտ թշնամական մակարդակի։ Եթե իրավիճակին նայենք այս տեսանկյունից, ապա պարզ է դառնում, թե ինչ նպատակ է հետապնդում Հայաստանի կողմից Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների բացահայտ սաբոտաժը և պաշտոնական Թեհրանի կողմից առաջարկվող ցանկացած օգնությունից հրաժարվելը, որը, օրինակ, օրերս առաջարկվել էր Հայաստանին հայ-ադրբեջանական սահման ուղարկել իրանական դիտորդների:
Ադրբեջանի նպատակն ակնհայտ է՝ հասնել Հայաստանի ղեկավարության կողմից սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրած փաստաթղթի նման մեկ այլ փաստաթղթի ստորագրմանը, որը կազդարարի արդեն ՀՀ պետականության կազմալուծումը։
Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն ակնհայտ է՝ ստիպել Հայաստանի ղեկավարությանը ստորագրել Հայաստանի Հանրապետության ճակատագրի վերաբերյալ հենց այդպիսի փաստաթուղթ, և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարության ձերբակալությունը այս ծրագրի իրականացման տարրերից մեկն է միայն։
Գործընթացները վաղուց դուրս են եկել զուտ բարոյական խնդրի մակարդակից։ Հայաստանյան խնդիրները կրում են քաղաքական բնույթ, և այդ խնդիրների լուծումը պետք է լինի քաղաքական։ Հայաստանի բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր հնարավորություն ունեն կանխելու հայկական պետականության լուծարումը և չեն անում դա, պետք է ուշադիր հետևեն Արայիկ Հարությունյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների դատավարությանը և իմանան, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ոգեշնչված լինելով Հայաստանի ղեկավարության լուռ աջակցությունից, նրանց բոլորի համար արդեն տեղ է պատրաստել ադրբեջանական դատարաններում՝ մեղադրյալների աթոռներին։