Ալիևն ԱՄՆ կոնգրեսականներին հայտնել է Հայաստանի հետ առևտրային կապերի մասին և դժգոհել 907-րդ ուղղումից

05 Հունվարի 2026, 10:50

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 4-ին ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, պատվիրակության կազմում են սենատոր, Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ, հանրապետական Մարկվեյն Մալինը (Օկլահոմա), Ներկայացուցիչների պալատի անդամ և եկամուտների հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Ջեյսոն Սմիթը (Միսուրի), Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի և եկամուտների հարցերով հանձնաժողովների անդամ, հանրապետական Ռոնի Ջեքսոնը (Տեխաս) և Ներկայացուցիչների պալատի եկամուտների հարցերով հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ջիմի Պանետան (Կալիֆորնիա)։

Ալիևը նրանց հայտնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն առևտրային հարաբերություններ են հաստատվել։ Ընդգծելով «ձեռք բերված պայմանավորվածությունների պատմական նշանակությունը»՝ Ալիևը հատուկ շեշտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերն այդ հարցում։