Ալիևը ազդակ է հղում Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններին քիչ է մնացել. Հովհաննիսյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրեր առաջ Հայաստանին կրկին կոչ է արել ժամանակ չկորցնել ու ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Միաժամանակ նշել է պաշտոնական Բաքվի երկու կարևոր նախապայմանները պայմանագրի ստորագրման համար՝ Մինսկի խմբի լուծարում ու ՀՀ Սահմանադրության փոփոխություն:

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ:

«Ալիևը ազդակ է հղում ՀՀ ներկայիս իշխանություններին՝ «ժամանակ մի կորցրեք, մնացել է մեկ, մեկուկես տարի՝ գալիք խորհրդարանական ընտրություններին, եթե դուք չօգտվեք իրավիճակից, ձեր՝ վերընտրվելու հնարավորությունը բավականին ցածր կլինի»: Տեսնում ենք, որ այսօրվա իշխանության ռեյտինգը շատ ցածր է: Իհարկե, այնպես չէ, որ ընդդիմության ռեյտինգն է ավելի բարձր, բայց, այնուամենայնիվ, ընդդիմությունը, եթե միասնական գործի, հնարավորություն կունենա ձևավորելու նոր իշխանություն:

Այդպես վերջերս տեղի ունեցավ Գյումրիում, Փարաքարում: Այսինքն՝ ընդդիմությունը հնարավորություններ ունի՝ իշխանության գալու, իսկ իշխանության վերընտրվելու հավանականությունը ցածր է»,- նկատել է միջազգայնագետը:

Հովհաննիսյանի խոսքով՝ եթե Հայաստանը նույնիսկ փոխի Սահմանադրությունը, Բաքուն չի դադարի նոր պահանջներ առաջ քաշել:

«Կարծում եմ՝ սա ինչ-որ չափով նաև սպառնալիք է Հայաստանի համար, որովհետև Ալիևը նաև նշում է, որ Հայաստանը իբրև թե միլիտարիզացիայի գործընթաց է սկսել, իբրև թե Հայաստանը կարող է սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի համար:

Ավելի քան վստահ եմ, որ Սահմանադրության փոփոխության հարցով ոչ մի բան չի վերջանա, Ադրբեջանն անդադար նոր պահանջներ է առաջ քաշելու, որպեսզի փորձի հնարավորինս շատ օգտվել ստեղծված իրավիճակից»,- ասել է Անդրանիկ Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: